ՌԴ-ում Առողջապահության hամաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը հայտարարել է, որ օրգանիզմում հակամարմինների առկայությունը միշտ չէ, որ վկայում է կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի մասին:
Ըստ ԱՀԿ-ի ներկայացուցչի՝ կորոնավիրուսի հակամարմինների ամբողջական հետազոտման համար անհրաժեշտ է լաբորատորիա դիմել: Պատվաստումն ամեն դեպքում մարդուն կպաշտպանի վարակից։
«Եթե հակամարմիններ կան, չի նշանակում, որ պատվաստանյութն ինչ-որ վնաս կհասցնի։ Դա բացարձակ սուտ է»,- ասել է Վույնովիչը։
Վույնովիչն ընդգծել է, որ անգամ պատվաստվելուց հետո մարդիկ դեռ ստիպված են դիմակ դնել։
«Եթե պատվաստված մարդը չհիվանդանա, միեւնույնն է, վիրուսը կանցնի նրա օրգանիզմով, ավելի խելացի կդառնա, եւ ինչ-որ պահի այդ վարակը կփոխանցվի մեկ այլ մարդու` թեկուզ առանց ախտանշանների»,- նշել է ԱՀԿ փորձագետը։
Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչն ասել է, որ համավարակը հնարավոր է կանգնեցնել արդեն այս տարի, բայց դրա համար համընդհանուր ջանքեր են պահանջվում։