Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «Ռեալ TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանական զինուժը Շուշին գրոհելու ժամանակ քաղաքը չի հրետակոծել։
Ըստ Հասանովի՝ Իլհամ Ալիեւը մի քանի հանձնարարական էր տվել Շուշիում գործողություն կազմակերպելու վերաբերյալ։ Մասնավորապես, «հատուկ հանձնարարել էր հաշվի առնել այն, որ դա Ադրբեջանի մշակութային կենտրոնն է»։
«Մենք քաղաքին հրետանային հարվածներ չէինք հասցնում, ինչը բարդություններ էր ստեղծում գործողության անցկացման ընթացքում»,- նշել է Հասանովը։
Բացի դրանից, ըստ Հասանովի, եղանակը ամպամած էր, այդ պատճառով ադրբեջանական ԶՈՒ-ն չէր կարող ԱԹՍ-ներ օգտագործել: Նույնիսկ հետախուզություն վարելու հետ կապված դժվարություններ են եղել, օդանավեր եւ ուղղաթիռներ չեն օգտագործվել։
Հասանովի պնդմամբ՝ ինժեներասակրավորական զորքերը կարճ ժամանակում անհավանական աշխատանք են կատարել եւ ճանապարհ են հարթել դեպի Շուշի, որը «շոկի մեջ է գցել հայերին»։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ հայկական զինված ուժերը հարձակմանը այլ ուղղությամբ էին սպասում, եւ ուժերն այլ տեղ էին կենտրոնացրել: Գործողությունն իրականացրել են հետախուզական ստորաբաժանումներն ու հատուկ նշանակության էլիտար զորքերը:
Գործողությունները ղեկավարել է Թուրքիայի Գլխավոր շտաբը
Նշենք, որ մամուլում բազմիցս հաղորդագրություններ են հայտնվել, որոնք ապացուցում են, որ ադրբեջանական զինուժի գործողությունները փաստացի ղեկավարել են Թուրքիայի Գլխավոր շտաբից:
Առ այսօր Շուշիի եւ Հադրութի կորուստը Արցախի պատերազմի ամենավիճելի թեմաներն են։ Հայաստանում բազմաթիվ ռազմական փորձագետներ վստահ են, որ քաղաքը հանձնել են, ոչ թե ադրբեջանցիներն են գրավել։
«Sputnik Արմենիան» մասնավորապես վկայակոչում է Արցախյան առաջին պատերազմի մասնակից, հայտնի տանկիստ Լավրենտ Շումանյանին, որի կարծիքով հայկական ուժերը Շուշիում ոչ մի գնդակ չեն կրակել, որովհետեւ թուրք չեն տեսել։
«Ի տարբերություն 92 թվի՝ էս տարի Շուշիում մարտեր բացարձակ չեն եղել, քաղաքը ուղղակի հանձնել ենք»,- պնդել է 48-ամյա ազատամարտիկը, որը 90-ականներին տանկիստ է եղել Մարտունու պաշտպանական շրջանում եւ կռվել անմիջապես Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ:
Ազատամարտիկը քաղաքից դուրս է եկել նոյեմբերի 5-ին՝ երեկոյան ժամը 9:00-ին՝ նորից վերադառնալու նպատակով։ Սակայն ծառայակիցները զանգել ու ասել են, որ Շուշի հետ գնալ արդեն հնարավոր չէ։
«Ոչ մի խոսակցություն չի եղել Շուշիի հանձնման մասին… Բայց իմ ներքին ձայնն ինձ հուշում էր, որ ես վերջին անգամ եմ դուրս գալիս մեր տնից»,- պատմել է Շումանյանը։