Ըստ իրանական ICANA գործակալության՝ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանն այլեւս ՄԱԳԱՏԷ-ին չի փոխանցի երկրի միջուկային օբյեկտներից արված գրառումները գործակալության տեսչական գործունեության մասին համաձայնագրի ժամկետը լրանալու կապակցությամբ:
«Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տրամադրած ժամկետը մի քանի օր առաջ է ավարտվել եւ չի երկարաձգվի։ Մենք այլեւս գործակալությանը որեւէ գրառում կամ տեղեկություն չենք փոխանցի»,- շեշտել է Ղալիբաֆը։
Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանը հայտարարելու է ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագիրը երկարաձգելու որոշման մասին՝ դրա ժամկետի ավարտից հետո:
Իրանը փետրվարի 23-ին սահմանափակել է ՄԱԳԱՏԷ-ի տեսչական գործունեությունը՝ կապված «Պատժամիջոցների վերացման ռազմավարական միջոց» օրենքի հետ: Դա ենթադրում է ընդլայնված ստուգումների եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնագրի լրացուցիչ արձանագրության դադարեցում:
Իրանում պարզաբանել են, որ միջոցառումը անշրջելի չէ եւ միջուկային գործարքի՝ Թեհրանի պահանջների կատարման դեպքում չի ենթադրում ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունից հրաժարում կամ բոլոր տեսչությունների չեղարկում: Շփումները կշարունակվեն միջուկային զենքը չտարածելու հարցերի շուրջ:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աշխատանքի սահմանափակման մեկնարկից առաջ Թեհրանը նրա հետ ժամանակավոր համաձայնագիր էր կնքել: