ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ շաբաթ օրը ադրբեջանական զինծառայողները ՀՀ ինքնիշխան տարածքում հրազենով սպառնացել են Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներին եւ թույլ չեն տվել հավաքել հնձած խոտը:
Մասնավորապես, ըստ պաշտպանին հասած տեղեկությունների, սույն թվականի հունիսի 26-ին Տեղ գյուղի բնակիչները գնացել են սեփականության իրավունքով իրենց պատկանող հողատարածք՝ նախորդ օրերին իրենց ձեռքով հնձած խոտը հավաքելու համար:
ՄԻՊ-ը նշել է, որ Տեղ համայնքի վարչական տարածքում՝ ադրբեջանական դիրքից մոտ 300 մետր հեռավորության վրա, գյուղացիները նկատել են, որ ադրբեջանական 5 զինված ծառայող ագրեսիվ պահվածքով եւ բղավելով մոտենում են իրենց:
Ըստ ՄԻՊ-ի՝ մոտ 150 մետրից ադրբեջանցի զինծառայողները գյուղացիների վրա են ուղղել զենքերը եւ սպառնացել ու բղավել՝ թույլ չտալով նրանց խոտը հավաքել:
Երեք գյուղերի հատման կետում
Թաթոյանը շեշտել է, որ ադրբեջանցի զինծառայողներից երկուսն առանձնապես ագրեսիվ պահվածք են դրսեւորել եւ գյուղացիներից պահանջել, որ այդ տարածք այլեւս ոտք չդնեն եւ չփորձեն օգտվել հողերից:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ միջադեպը տեղի է ունեցել Տեղ, Արավուս եւ Խնածախ գյուղերի հատման կետում՝ Անդրուն քարեր կոչվող վայրում, որտեղի հողատարածքներից օգտվում են նշված երեք գյուղերի բնակիչները:
Այդ հողամասերի մի մասը նշված գյուղերի բնակիչների մասնավոր սեփականությունն է, մյուս մասը՝ համայնքներինը: Արոտավայրերում նշված երեք գյուղերի բնակիչներն արածեցնում են իրենց եղջերավոր կենդանիներին:
Միայն հատուկ միջամտությունից հետո
Գյուղացիները կարողացել են խոտը հավաքել միայն կիրակի՝ հունիսի 27-ին, երբ նշված վայր են մեկնել ՀՀ զինված ուժերի 1-ին բանակային կորպուսի ղեկավար կազմը, Տեղի ինքնակառավարման մարմինների ղեկավարները:
Այս տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանին են ներկայացրել գյուղերի բնակիչները, այդ թվում՝ խոտ հավաքելու գնացած գյուղացիները, ինչպես նաեւ Տեղ խոշորացված վարչական շրջանի ղեկավարը:
ՀՀ ինքնիշխան տարածքում՝ կենսական իրավունքներից զրկելով
Բոլոր տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմը ստուգել է: ՀՀ քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ ադրբեջանական զինծառայողների նման բացահայտ հանցավոր արարքներն ակնհայտորեն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի եւ այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու եւ ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:
«Այս ամենը պետք է դիտել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ նույնատիպ արարքներ (հովիվներին սպառնալիքներ, կենդանիների գողություններ եւ այլն) նրանք պարբերաբար են կատարում թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ: Այս դեպքը եւս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանությունը բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն»,- նշված է ՄԻՊ-ի տարածած հայտարարության մեջ:
Անվտանգության գոտու առկայությունը՝ խիստ հրատապ
Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է նշել, որ ՀՀ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի գյուղերի անմիջական հարեւանությամբ, Սյունիքի մարզի համայնքների միջեւ ճանապարհներին, իսկ մայիսի 12-ից նաեւ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները կոպտորեն խախտել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների իրավունքները, լրջորեն վտանգել են նրանց կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել մարդկանց բնականոն կյանքը:
Խոչընդոտելով մասնագիտական պարտքը կատարող լրագրողին
Ավելի վաղ ահազանգով ՀՀ Մարդու իրավունքների Պաշտպանին է դիմել միջազգային լրատվամիջոցի լրագրող եւ հայտնել, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հարեւանությամբ՝ դեպի ՀՀ պետական սահմանն ընկած հատվածում, ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հրազենով, այդ թվում՝ դիպուկահարի կողմից սպառնացել են սպանել իրեն։
Միջազգային լրատվամիջոցի լրագրողը տեղեկացրել է, որ իրենք ունեցել են ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի տարբերանշան, որ իրենք մամուլի ներկայացուցիչ են եւ պահպանել են լրագրողական աշխատանքի բոլոր կանոնները:
Մարդու իրավունքների պաշտպանը պարզել է, որ լրագրողն ունի կոնֆլիկտային եւ հետկոնֆլիկտային գոտիներում մասնագիտական աշխատանքի մեծ փորձ: Ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ծառայողների համար պարզ է եղել, որ իրենք սպառնում են սպանել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի:
Ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն այդ կերպ ակնհայտ նպատակ են ունեցել խոչընդոտելու միջազգային լրագրողի աշխատանքը եւ կանխելու նրա կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ապօրինի ներխուժումը հաստատող փաստերի տարածումը։
Առանց սահմանների եւ առանց կյանքի երաշխիքի
Միջադեպի առնչությամբ լրագրողը դիմել է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությանը, որն արդեն հրապարակում է արել այս փաստի մասին:
«Ադրբեջանական զինծառայողների անօրինական արարքներից մարդկանց պաշտպանելու համար Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով պետք է ստեղծվի անվտանգության գոտի»,- եւս մեկ անգամ ընդգծում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Այս կոնկրետ միջադեպի հետ կապված, միջազգային լրագրողի անձնական պաշտպանության անհրաժեշտությամբ պայմանավորված, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը նրա վերաբերյալ տվյալներ չի հրապարակում, բայց դրանք Պաշտպանին ահազանգ ներկայացրած միջազգային լրագրողի հետ համատեղ քննարկմամբ կներկայացվեն միջազգային համապատասխան մարմիններին:
Ավելի վաղ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները սպառնացել են Հայաստանում Ադրբեջանի հետ սահմանին աշխատող իսպանացի լրագրողների խմբին։