Պատմական հայկական Պորտասարը Գյոբեքլիթեփե անվանած թուրքերը որոշել են դարձյալ անվանափոխել հնավայրը: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մտադիր են Գյոբեքլիթեփեն անվանել «12 բարձունք» (12 թեփե), քանի որ, ըստ նրա, Գյոբեքլիթեփեի շրջակայքում 100 կմ շառավղով զրոյական կետով եւս 11 բարձունք կա։
«Այն մեծ ճանաչում կունենա: Այժմ «12 բարձունքի» հետ կապված լայնամասշտաբ աշխատանքներ են տարվում, սեպտեմբերին կներկայացնենք արդյունքները»,- ասել է նախարարը՝ տեղեկացնելով, որ Պորտասարի շրջակայքում հայտնաբերվել են նաեւ մի շարք կարեւոր հնագիտական կենտրոններ:
Հիշեցնենք, որ Պորտասարի ավերակներն ընդգրկվել են աշխարհի ամենահին վայրերի ցանկում։ 1994-ից հետազոտվում է գերմանական եւ թուրքական հնագետների կողմից։ Հնավայրի պատմությունը սկիզբ է առնում Ք. ա. 10-րդ հազարամյակից։
Այստեղ է աշխարհում ամենահինը համարվող տաճարը, որի կանգուն սյուներին էկզոտիկ բույսեր ու կենդանիների պատկերներ են քանդակված։ Տարածքում նաեւ անտիկ շրջանի մարդկանց ֆիգուրներ են հայտնաբերվել։