Ստամբուլի ոստիկանությունը շաբաթ օրը ֆիզիկական ուժ եւ արցունքաբեր գազ է կիրառել տեղական իշխանությունների կողմից արգելված ԼԳԲՏ շքերթին մասնակցելու մտադրություն ունեցող մարդկանց ցրելու համար: Այդ ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվել:
Բերման ենթարկվածների շրջանում եղել են լրագրողներ, որոնց թվում՝ Agence France-Presse (AFP) ֆրանսիական տեղեկատվական գործակալության լուսանկարիչ Բյուլենթ Քըլըչը, որը «պատվո երթը» լուսանկարելու պահին ոստիկանների կողմից բռնության է ենթարկվել:
«Times» ամսագրի, «Guardian» թերթի եւ «Թուրքիայի լրագրողների միության» կողմից տարվա ֆոտոլրագրող ճանաչված թուրք հայտնի լուսանկարչի նկատմամբ ոստիկանական անհամաչափ ուժի կիրառման փաստը թուրքական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել։
Այնտեղ փորձում էին լրագրող սպանել
Լուսանկարը, որում չորս ոստիկան նրան գետնին են տապալել, իսկ նրանցից մեկն էլ ոտքը լրագրողի կոկորդին է դրել, կայծակի արագությամբ տարածվել է համացանցում։
Բյուլենթ Քըլըչը պատմել է, որ երբ ոստիկանը ոտքով սեղմել էր իր կոկորդը, շունչը կտրվել էր։ «Այնտեղ փորձում էին լրագրող սպանել»,- ասել է Բյուլենթ Քըլըչը։
Թուրքիայի ներքին գործերի փոխնախարարներից մեկը տեղի ունեցածն ամենեւին արտասովոր չի համարել: Փոխնախարարը պնդել է, որ չարտոնված ցույցի ժամանակ ոստիկանությանը դիմադրողին ձերբակալելը բռնություն չէ։
Ավելի վաղ Ստամբուլի նահանգապետի գրասենյակը հայտարարել էր, որ Ստամբուլում՝ Մալթեփի շրջանում, շաբաթ օրը կայանալիք ԼԳԲՏ+ 19-րդ քայլերթը արգելվել է:
Ձեռքերի վրա կամ ոտքերի տակ
Միջադեպին «Էրդողանի լրագրողները կա՛մ ձեռքերի վրա, են կա՛մ ոտքերի տակ» հոդվածով անդրադարձել է նաեւ թուրք գրող եւ լրագրող Մուրաթ Յեթքինը։
Յեթքինի կարծիքով Թուրքիայում լրագրողների նկատմամբ խտրականությունը սովորական երեւույթ է, սակայն «Արդարություն եւ զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո այդ խտրականությունն ավելի համակարգված է դարձել։
«Միայն այն տարբերությամբ, որ ե՛ւ ձեռքերի վրա պահվողները, ե՛ւ ոտքերի տակ գտնվողները քիչ էին, եւ դա այդքան համակարգված չէր, որքան ներկայիս Թուրքիայում է»,- ընդգծել է թուրք գրողը։
Թուրքիան ԼԳԲՏ ներկայացուցիչների թվով Եվրամիությունում երկրորդ տեղում է Rainbow Europe-ի 2021-ի վարկանիշով: Ամենամյա վարկանիշը կազմվում է ԼԳԲՏ անձանց իրավունքները պաշտպանող ILGA-Europe բրյուսելյան հասարակական կազմակերպության կողմից: