Թուրքական Daily Sabah-ն անդրադարձել է Շուշիի հռչակագրին, որը ստորագրելով՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Էրդողանը կարեւոր շեշտադրումներ են արել պաշտպանության ոլորտում համագործակցության վրա՝ հանուն տարածաշրջանում կայունության, բարգավաճման եւ տրանսպորտային նոր ուղիների հիմնադրման:
«Հռչակագիրը հաստատում է օտար սպառնալիքի առկայության դեպքում երկու բանակների համատեղ գործողության ներուժը։ Այն նաեւ նախատեսում է համատեղ գործողություններ զինված ուժերի վերակազմավորման եւ արդիականացման ուղղությամբ»,- գրում է թուրքական պարբերականը։
Շուշիի հռչակագիրը, որը վավերացվել է Լեռնային Ղարաբաղի զարթոնքի կապակցությամբ տարածաշրջանում համագործակցության զարգացման եւ կայունության խթանման նպատակով, թուրք-ադրբեջանական կապերը դրել է «նոր հարթության» վրա,- Daily Sabah-ը մեջբերել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի խոսքը։
Ասելով, որ Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակը Հարավային Կովկասում ստեղծել է «նոր իրականություն», Գաֆարովան շեշտել է. «Այսօր այն նախագծերը, որոնք փոխում են տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտը Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ ջանքերով, իրականացվում են ծրագրված եւ վճռականորեն»: