Ճապոնիայի իշխանությունները մտադիր են կորոնավիրուսի Delta շտամի պատճառով խիստ սահմանափակումներ մտցնել որոշ երկրների՝ Հնդկաստանի, Պակիստանի, Նեպալի, Շրի Լանկայի, Մալդիվների, Աֆղանստանի պատվիրակությունների նկատմամբ:
Հուլիսի 1-ից կսահմանվի եռօրյա կարանտին: Այնուամենայնիվ, երկիր ժամանելուն պես խիստ հսկողության պայմաններում մարզիկները կկարողանան հնարավորինս պարապել:
Ճապոնիայի ԱՕԿ-ի ղեկավար Յասուհիրո Յամաշիտան նշել է, որ օլիմպիականները ըմբռնումով կմոտենան սահմանափակումներին, քանի որ առանց դրանց մարզիկները կզրկվեն խաղերին մասնակցելուց:
Երեսուներկուերորդ ամառային օլիմպիական խաղերը տեղի կունենան 2021-ի հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։ Տոկիո-2020-ը նախատեսված էր անցկացնել նախորդ տարվա հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը, սակայն օլիմպիական խաղերը հետաձգվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով։
1964-ի ամառային օլիմպիական խաղերը եւս անցկացվել են Տոկիոյում, եւ այժմ Տոկիոն Լոս Անջելեսից, Փարիզից եւ Աթենքից հետո չորրորդ քաղաքն է (եւ առաջինը Ասիայում), որը երկրորդ անգամ կընդունի Ամառային օլիմպիական խաղերը։ Պարալիմպիական խաղեր-2020-ը եւս կանցկացվի Տոկիոյում։
Տոկիոյի խաղերը ամենամեծն են պատմության մեջ․ ծրագիրն ընդգրկում է 33 մարզաձեւ՝ 339 մրցաձեւերով: Ակնկալվում է, որ օլիմպիական խաղերին կմասնակցի շուրջ 15 հազար մարզիկ-մարզուհի:
Հայաստանից Տոկիո-2020-ին կմասնակցի 15 մարզիկ: Այս պահի դրությամբ 6 ուղեգիր ունեն ըմբիշները, 3՝ բռնցքամարտիկները, 2՝ ծանրորդները, 1-ական՝ ձյուդոիստները, հրաձիգները, ատլետները եւ մարմնամարզիկները:
Հայաստանի օլիմպիականների կազմը այժմ ունի հետեւյալ տեսքը. հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյան, Կարեն Ասլանյան, Կարապետ Չալյան, Արթուր Ալեքսանյան, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյան, Վազգեն Թեւանյան, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյան, Հովհաննես Բաչկով, Արման Դարչինյան, ատլետ Լեւոն Աղասյան, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հրաձգուհի Էլմիրա Կարապետյան, ծանրորդներ Իզաբելա Յայլյան, Սիմոն Մարտիրոսյան եւ ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյան: ՀԱՕԿ-ը հայտնել է, որ սպասվում են նոր համալրումներ: