BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասում է, որ պատրաստ էր կրել դավաճանի խարան, միայն թե հասներ ԼՂ խաղաղ կարգավորման: Ես նրան հավատում եմ: Նույն միտքը մի փոքր նուրբ ձեւակերպմամբ նա հնչեցրել է 2014 թվականի նոյեմբերի 7-ին՝ իր նստավայրում ընդունելով ԼՂՀ Ազգային ժողովի պատվիրակությանը:
Քանի որ այսօր շատ բան այլեւս գաղտնի չէ, կարող եմ ընդհանուր գծերով պատմել այդ հիշարժան օրվա մասին: Մենք նախագահական նստավայր էինք գնացել խորհրդարանում արարողակարգային հանդիպումից հետո, բավական բարձր տրամադրությամբ: Եվ մեզ համար սառը ցնցուղ էր, երբ Սերժ Սարգսյանը շատ անկեղծորեն պատմեց սեպտեմբերին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ Իլհամ Ալիեւի հետ բանակցություններից որոշ մանրամասներ:
Հատկապես ազդու էր հավաստիացումը, որ երբ Վլադիմիր Պուտինն առաջարկել է կարգավիճակի հարցով հանրաքվեի ժամկետ նշել ապագա համաձայնագրում, Ալիեւը հրաժարվել է կոնկրետությունից, եւ հանդիպումն այդպես էլ ավարտվել է:
Որպես ամփոփում՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե համաձայնության գային, ապա ինքը նախ կխորհրդակցեր ՀՀԿ-ի թիմակիցների, ապա՝ խորհրդարանական այլ ուժերի, հաջորդ փուլում՝ քաղաքական դաշտի արտախորհրդարանական հատվածի հետ, հետո կդիմեր ժողովրդին եւ նոր միայն կընդուներ վերջնական որոշում:
Այդ ամառ թշնամին շփման գծում չափազանց մեծ ակտիվություն էր դրսեւորել: Եթե չեմ սխալվում, դրանից կարճ ժամանակ անց խոցվեց հայկական ուղղաթիռ, Ադրբեջանը հրաժարվեց մարդասիրական միջնորդությունից, զոհված օդաչուների աճյունները տարհանվեցին հատուկ գործողության միջոցով:
Մեկուկես տարի անց, երբ ես արդեն «թոշակի էի անցել»՝ հասկանալով, որ Արցախում ուժի մեջ է առաջին պատերազմի էյֆորիան, եւ քաղաքական էլիտան հակված չէ գնալու հանրության հետ երկխոսության, տեղի ունեցավ ապրիլյան քառօրյան:
Ապրիլի 7-ին կամ 8-ին, երբ մարտական գործողությունները դեռեւս հրթիռա-հրետանային փոխհրաձգություններով շարունակվում էին, չգիտեմ ում նախաձեռնությամբ, բայց ինձ հրավիրել էին հայաստանյան հեռուստաընկերություններից մեկի, կարծեմ՝ «Շանթի» ուղիղ եթեր: Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցի բակում դեռեւս կանգնած էին շարժական հեռուստակայաններ:
Մեկ-երկու րոպե տեւած «հարցազրույցից» հետո, երբ արդեն պիտի հեռանայի նկարահանման հարթակից, հանդիպեցի Հայաստանի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին: Գրկախառնություն, փոխադարձ բարեմաղթանքներ, կարճ խոսակցություն: Այդ օրերին Ժիրայր Սեֆիլյանը եւ նրա մի քանի, այդ թվում եւ արցախյան համակիրներ քարոզում էին, որ պատերազմը «դավաճանաբար է կանգնեցվել»: Եվ իրենք պատրաստ են սոսկ կամավորական ուժերով ոչ միայն ազատագրել Թալիշի ուղղությամբ թշնամու գրաված դիրքերը, այլեւ զարգացնել հակահարձակումը, գրավել Թարթառը եւ այլն: Շարմազանովին հարցրի՝ պատերազմի ի՞նչ ռեսուրսներ ունի Հայաստանը: Նա անկեղծորեն պատասխանեց. «Քառասուն օրվա»:
Կարծում եմ, դա օբյեկտիվ գնահատական էր: Որին, համոզված եմ, տիրապետում էին ե՛ւ պաշտպանության բանակի հրամանատարությունը, ե՛ւ Արցախի քաղաքական ղեկավարությունը: Ի՞նչ հաջորդեց: Այդ ամառ նախագահ Սերժ Սարգսյանը երկու, թե երեք անգամ այցելեց Ստեփանակերտ: Փոքրիկ քաղաքում դժվար է գաղտնիք պահել: Անմիջապես տարածվեց, որ նա փորձել է համոզել, որ խաղաղ կարգավորումը, բանական փոխզիջումն այլընտրանք չունեն, բայց առաջին պատերազմի հերոսները, Շարժման առաջամարտիկները կտրուկ մերժել էին: Տալիս էին նաեւ անուններ, որ չեմ կարող հրապարակել, որովհետեւ տեղեկացվածությունս անստույգ-միջնորդավորված է:
Ինչո՞ւ եմ այս ամենը պատմում: Որովհետեւ գտնում եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է ոչ թե «փակ քննարկումներ» կազմակերպեր, այլ հնարավորինս հրապարակայնացներ խնդիրը, երկխոսեր հանրության ավելի լայն շրջանակների, մանավանդ այն սերնդի ներկայացուցիչների հետ, որ պատերազմից հետո են ծնվել, կրթվել ու դաստիարակվել տարածաշրջանի ամենամարտունակ բանակի, հայ զինվորի անպարտելիության, թշնամուն ծնկի բերելու եւ վերջնական պատմական արդարություն հաստատելու ոգով:
Պահն, իհարկե, ամենահարմարը չէր: Երեւանում տեղի էր ունեցել ՊՊԾ գնդի գրավումը, մթնոլորտը շիկացած էր: Բայց երբ խնդիրը լայնածավալ պատերազմի սպառնալիքի եւ արժանապատիվ խաղաղության միջեւ ընտրության հարթությունում էր, ապա հարկ էր ցուցաբերել քաղաքական վճռականություն: Ի վերջո, Շարժման ընդհատակի մի քանի դեմքերն ու առաջին պատերազմի դաշտային հրամանատարները չէ, որ ներկայացնում էին Արցախի հանրությունը:
Կար Ազգային ժողով, կար գիտական-ստեղծագործական մտավորականություն, կային խմբեր, հասարակական կազմակերպություններ: Եվ պարտադիր չէր, որ Հայաստանի նախագահը նրանց հետ շփվեր անձամբ: Ուներ թիմ, աջակիցների լայն շրջանակ, մեդիառեսուրսներ, փորձագիտական հարթակներ: Եթե հնարավորությունները նպատակաուղղված գործի դրվեին, ապա Ստեփանակերտում անպայման կգտնվեին ողջախոհ անհատներ եւ շրջանակներ: Նրանք Արցախի իշխանություններին կմղեին բաց եւ անկեղծ երկխոսության, թեման կշրջանառվեր անհամեմատ լայն պարագծով:
Ոչինչ չարվեց: Փոխարենը կարծրացավ պատկերացումը, որ «հողերի հանձնումը կանխվել է»: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը հակառակ էֆեկտն ունեցավ: Եվ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն գնաց եթե ոչ բացահայտ ձեւակերպված, համենայն դեպս քարոզչությամբ հասկանալի դարձրած «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսով:
Այդ իրավիճակում ինչպե՞ս էր Սերժ Սարգսյանը պատրաստվում կրել դավաճանի խարանը, բայց գնալ ճեղքման, հասնել ԼՂ խաղաղ-բանակցային կարգավորմանը: Իրավիճակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղաղության եւ բարիդրացիության հորդորը նույն ՀՀԿ-ական եւ դաշնակցական-ազգայնական մամուլի կողմից ծաղրանքով որակվում էր «քիրվայության» կամ «հողատվական-դավաճանական» թեզ:
Ղարաբաղյան թեման առաջին նախագահի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածից հետո այլեւս երբեք չի հրապարակայնացվել: Չի հրապարակայնացվում նաեւ այսօր: Թեեւ աղետալի պատերազմից եւ նոյեմբերի 9/10-ի հայտարարությունը ստորագրելուց հետո, իսկն ասած, հրապարակայնացնելու բան էլ չկա:
Ռետրո-բացահայտումներն իրական քաղաքականության ռեժիմում որեւէ նշանակություն չունեն, կհետաքրքրեն միայն պատմաբաններին: Որպեսզի հերթական անգամ արձանագրվի, որ «հեքիաթի թռչունը գրեթե մեր ձեռքերում էր, բայց չկարողացանք պահել, թռավ, գնաց, թշնամու ուսին թառեց»:
Ինչո՞ւ: «Որովհետեւ մեզանում աճեցրին դավաճանների»: Իսկ ես ասում եմ. «Որովհետեւ պատերազմի եւ խաղաղության միջեւ ծանր ընտրության մանդատ կարող էր տալ միայն ժողովուրդը, մինչդեռ Տեր-Պետրոսյանի հաջորդները գայթակղություն ունեցան կարծելու, թե իրենք ազգի հայր եւ նրա ճակատագիրը որոշող են»:
Արդյունքում ունեցանք ցնորամտություն, արկածախնդրություն, անիմացություն եւ անճարակություն, որ դեռ ինչքա՞ն է տեւելու. ահա՛ այս փուլի գերգլխավոր հարցը, որը չէինք ունենա, եթե այլընտրանքը լիներ ոչ թե վրիժառության մոլուցքը կամ ռետրո-խոստովանանքը, այլ ապագային միտված պրագմատիզմը:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։