«Ավելի քան մեկ սերունդ Բելառուսի ավտորիտար ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյին համարում է գործիչ, որն իշխանությունը պահելու համար Մոսկվայից անընդհատ խնդրում է փող, քաղաքական աջակցություն եւ ցանկացած տեսակի պաշտպանություն»,- գրում է The Atlanta Journal-Constitution ամերիկյան պարբերականը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար Բելառուսը հուսալի, երբեմն ձանձրացնող, սակայն վստահելի գործընկեր է Եվրոպայում, մինչդեռ նախկին խորհրդային մյուս հանրապետությունները Արեւմուտքի հետ առավել սերտ կապեր են հաստատում:
Պարբերականն առաջ է քաշում Պուտին-Լուկաշենկո հարազատությանն առնչվող մի շարք հարցեր, որոնց պատասխանելով՝ փորձում է լույս սփռել Ռուսաստանի եւ Բելառուսի հարաբերությունների վրա՝ եզրակացությունները հավանաբար թողնելով ընթերցողներին։
Պատասխան Կրեմլը Բելառուսին դիտում է որպես ռազմավարական նշանակություն ունեցող, Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին սահմանակից բուֆեր: Մոսկվան բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է գնալու շատ հեռու՝ Բելառուսին իր ազդեցության ոլորտում պահելու համար: Ռուսաստանն օգտագործում է բելառուսական տարածքը Արեւմտյան Եվրոպայի ռազմական գործընթացներին հետեւելու համար: Երկու երկրները բազմաթիվ համատեղ զորավարժություններ են անցկացրել, եւ տարիներ շարունակ քննարկվել է Բելառուսում լիարժեք ռուսական ռազմաբազա ստեղծելու հարցը: Ռուսաստանի նախագահը՝ «Գունավոր հեղափոխությունների» հայտնի հակառակորդը, անցյալ տարի աջակցեց Լուկաշենկոյին, երբ վերջինս բիրտ ուժ կիրառեց՝ ճնշելու ընտրություններից հետո իշխանության դեմ բողոքի ցույցերը: Մինչ ընդդիմադիր խմբերը պնդում էին, թե քվեարկության արդյունքները կեղծվել են, Պուտինը խոստացավ 1,5 միլիարդ դոլարի վարկ եւ ստեղծեց իրավապահների պահեստային խումբ՝ «Բելառուսում անվտանգությունն ապահովելու համար»:
Պատասխան Երկու երկրներն ունեն համագործակցության բազմաթիվ պայմանագրեր: Մինչ համաճարակը նրանց միջեւ սահմաններ գրեթե չկային:
Բելառուսի համեմատաբար փոքր տնտեսությունը, որը դեռ ապավինում է սեփականության կառավարման խորհրդային մոդելին, կախվածության մեջ է Ռուսաստանից: Բելառուսի արտադրանքի գրեթե կեսը՝ հիմնականում պանիր, բեռնատարներ եւ տրակտորներ, գնում է Ռուսաստան, այն դեպքում, երբ ԵՄ-ն սպառում է ընդամենը 24 %-ը։ Մինսկի տնտեսության հիմնական կախվածությունը ռուսական սուբսիդավորված հում նավթից է: Ռուսաստանն այն մատակարարում է Բելառուսին շուկայականից ցածր գներով: Բելառուսն այն զտում է եւ վաճառում այլ երկրների: Այս շահույթն էլ կազմում է Բելառուսի ՀՆԱ-ի հսկայական մասը: Տարիներ շարունակ Պուտինը ճնշում է գործադրել Լուկաշենկոյի վրա՝ միասնական պետություն ձեւավորելու համար, առաջարկություն, որը չի ընդունվում բազմաթիվ բելառուսների կողմից: Լուկաշենկոն առայժմ կարողանում է դիմադրել։
Պատասխան Պուտին-Լուկաշենկո կապը վերջին երկու տասնամյակներում ունեցել է վերելքներ եւ անկումներ: 2000-ականներին Լուկաշենկոն փորձեց հաճոյանալ Արեւմուտքին եւ փոքր-ինչ հեռանալ Ռուսաստանից՝ մեղմելու համար «Եվրոպայի վերջին բռնապետի» իր կարծրատիպը: Սա այնքան էլ լավ չընկալվեց Կրեմլում: Երկու երկրները հաճախ են ունեցել վեճեր գազի եւ նավթի գործարքների շուրջ: Երբ 2019-ի վերջին չկարողացան պայմանավորվածություն ձեռք բերել նոր գնի վերաբերյալ, Մոսկվան դադարեցրեց նավթի մատակարարումը: Մի քանի ամիս անց Բելառուսը ԱՄՆ-ից պատվիրեց նավթի առաջին խմբաքանակը, որպեսզի Ռուսաստանին ցույց տա, որ կարող է գոյատեւել առանց նրա աջակցության եւ կարող է անհրաժեշտության դեպքում դիմել Արեւմուտքին:
Պատրաստեց Կարինե Դավոյանը