Սյունիքի մարզի Տեղ համայնքը 44-օրյա պատերազմից հետո շարունակում է թեժ կետ մնալ: Պատերազմից հետո առաջին սահմանային միջադեպը հենց այս համայնքում է եղել. դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիները հայտնվել են Տեղ համայնքի մեջ մտնող Արավուսի բարձունքներից մեկի վրա եւ ասել՝ սա մեր հողն է: Ի դեպ՝ սպիտակ դրոշներով: Այսօր սպիտակ դրոշներ արդեն չկան. ադրբեջանցիները պարզապես բռնագրավում են հայ բնակիչների գյուղտեխնիկան, անասունները, սպառնում… Հայկական կողմն անվերջ բանակցությունների մեջ է հակառակ կողմի հետ, բռնագրավվածն ի վերջո վերադարձվում է:
Տեղից եկող լուրերից կարելի է ենթադրել, որ համայնքի սահմանային դարձած յոթ գյուղերում ոչ թե ապրում են ու զբաղվում առօրյա գործերով, այլ գիշեր-ցերեկ անվտանգության հարցեր են լուծում: Պատերազմից հետո Տեղ համայնքից 350 հա հող է անցել ադրբեջանական կողմին: Տեղի համայնքապետարանի մամուլի խոսնակ Արեւ Աբելյանը մեզ հետ զրույցում ասում է, որ մինչեւ անցյալ տարի այդ հողերը տնօրինում էին Տեղ խոշորացված համայնքի մեջ մտնող գյուղերի բնակիչները: «Ասում են՝ խորհրդային ժամանակներում դրանք իրենցն են եղել, բայց այդ հողերի մեջ տարածքներ կան, որ նախկին բաժանումով մերն են եղել. թե ինչ չափումներով են իրենք եկել, վերցրել, չգիտեմ. սահմանները հստակ չեն, հաստատված չէ, որ այդքանը բոլորը իրենցն են եղել»:
Մինչեւ հիմա միջադեպերը տեղի էին ունենում նախկինում ադրբեջանցիներին պատկանած, վերջին տասնամյակներում հայերի տնօրինության տակ եղած եւ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանին անցած տարածքներում: Հունիսի 12-ի միջադեպը շատերն են հիշում: Հերթական գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ համայնքի երկու տրակտորիստներ տեղանքում լավ չկողմնորոշվելու պատճառով անցել են ադրբեջանցիների հսկողության տակ եղող տարածք։ Ադրբեջանցիները փորձել են նրանց գերեվարել, գյուղացիներից մեկի մոտ նռնակ է եղել, սպառնացել է պայթեցնել ե՛ւ իրենց, ե՛ւ դիմացիններին, ինչը զսպել է ադրբեջանցիներին: Այդ ընթացքում մյուս գյուղացին զանգահարել է համայնքապետին, արագ հասել են, եւ համայնքապետի, հայ դիրքապահների եւ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տղաները չեն գերեվարվել։ Բռնագրավված տրակտորները վերադարձվել են: Դրանից առաջ բանակցություններով հետ էին բերվել նաեւ Արավուսի բնակիչների խոշոր եղջերավոր 37 անասուն, Խնածախի բնակիչ Հրահատ Մեսրոպյանի ձին…
Տեղ համայնքի մեջ մտնող գյուղերի բնակիչների համար գյուղատնտեսական աշխատանքների այս շրջանում արդեն սովորական են դարձել նման միջադեպերը: Երեկ, սակայն, համայնքում տեղի ունեցածը տարբերվում էր նախկին բոլոր միջադեպերից: Ադրբեջանցիները Տեղ գյուղի բնակիչներին թույլ չեն տվել աշխատել հենց գյուղի վարչական տարածքում՝ Տեղին պատկանող Անդրուն քարեր կոչվող դաշտամասում: Արեւ Աբելյանն ասում է, որ ադրբեջանցիներն իջել են իրենց դիրքերից եւ արգելել գյուղացիներին՝ հավաքելու հնձած խոտը: «Տեղ-Արավուս-Խնածախ բնակավայրերի վարչական տարածքների հատման կետից մի փոքր վերեւ ադրբեջանցիները դիտակետեր ունեն: Հենց այդ դիտակետերից են իջել եւ հենց մեր վարչական տարածքում արգելել մեր գյուղացիների խոտհավաքը: Առանց պատճառաբանության: Գյուղացիները դիմել են Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցին, նա էլ Առաջին բանակային կորպուսի հրամանատարական կազմի, Արավուսի վարչական ղեկավարի եւ փորձառու կամավորականների հետ գնացել է դաշտամաս, զենքը ձեռքներին կանգնել են մեր բնագծի երկայնքով եւ կազմակերպել բերքահավաքը։ Մինչեւ վերջին գյուղացին չի հավաքել խոտը եւ դուրս չի եկել, ղեկավարությունն այնտեղից չի հեռացել»,- ասում է Արեւ Աբելյանը՝ իրավիճակը բնորոշելով աննախադեպ, քանի որ նախկինում մեր վարչական տարածքի հետ կապված խնդիրներ չէին լինում: «Միջադեպերն առայժմ լուծվում են այս ճանապարհով, համայնքապետը տեղեկանում է, տեղեկացնում մյուսներին, արագ հասնում են… թե հետագայում ինչ լուծում կտրվի, չգիտենք»,- ասում է համայնքապետարանի խոսնակը:
Պատերազմից հետո սահմանազատման եւ սահմանագծման չճշտված հարցերը բազում խնդիրներ են ստեղծում հատկապես հիմա՝ գյուղատնտեսական աշխատանքների բուռն շրջանում, եւ անասունները դաշտ տանելու եղանակին: Տեղ համայնքում ճշտված մի հարց, այնուամենայնիվ, կա. սահմանային մի հատված երկու կողմերի համաձայնությամբ արդեն դիտարկվում է որպես միջանցք:
ՌԴ սպայական կազմի հետ բանակցությունների ընթացքում Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել միջանցք հանդիսացող որոշ տարածքներից բերքահավաքը կազմակերպելու վերաբերյալ։ Բոլոր նրանք, ովքեր հողատարածք ունեն Ձաղազուր տանող ճանապարհի աջ հատվածում (մինչև Կոռնիձոր գյուղի սահման), դիմել են համայնքապետարան, տեղեկանք ստացել եւ ռուս խաղաղապահների հսկողությամբ հավաքել իրենց բերքը: Այդ հատվածում, ինչպես տեղեկացանք, արագ վերջացրել են բերքահավաքը, բայց մյուս հատվածներում խոտհունձը շարունակվելու է մինչեւ ուշ աշուն, գարին ու ցորենը դեռ սպասում են հավաքելուն, տեղեկանքո՞վ, թե՞ առանց տեղեկանքի՝ պարզ չէ: Արեւ Աբելյանը նշեց, որ վտանգավոր բոլոր տարածքներում խոտհունձ ու բերքահավաք կազմակերպելու համար համայնքի ղեկավարը շարունակում է բանակցությունները:
Տեղ գյուղի բնակիչ Սեյրան Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը վտանգավոր տարածքներում հող չունի, հեշտությամբ հավաքել է գյուղին մոտ գտնվող իր դաշտերի խոտը, արտերի ցորենը դեռ մնում է, դա էլ կհնձի, առանց խնդրի: «Բայց շատ են այն գյուղացիները, որոնց արտերը սահմանին մոտ են, տրակտորը գնում է, կրակում են, վախեցնում են: Այդ մարդիկ ի՞նչ անեն: Ինչքա՞ն կարող են վախով գնալ: Շատերը մտածում են՝ ծախեն անասունները, քանի որ տեղ չկա պահելու, խոտ հավաքելն էլ դժվարացավ: Դե, եթե հող մշակել չի լինում, անասուն պահել չի լինում, գյուղում էլ գործ չկա, տանը նստենք՝ մեզ ո՞վ պիտի պահի»,- ասում է Սեյրան Խաչատրյանը: Նա էլ բոլոր գյուղացիների պես սպասում է, թե երբ կվերջանան սահմանի ճշգրտման հարցերը, ինչ-որ հստակություն կմտցվի, գյուղացու գործերը կհեշտանան: Ռուս սահմանապահները թեեւ գյուղում են, բայց ինչպես գյուղացիներից մեկը նշեց, ամեն հատված չէ, որ հսկում են: «Հատկապես Ադրբեջանին անցած հողերի հետ, իրենք ասում են, մենք գործ չունենք, թեկուզ դուք եք ցանել, բայց մենք չենք խառնվում»:
Տեղեկացանք նաեւ, որ ռուս սահմանապահները տեղակայված են Տեղ համայնքին պատկանող «Կարմիր հող» տարածքում, Տեղ գյուղ են գնում ջուր տանելու եւ խանութից օգտվելու համար, գյուղացիների հետ առանձնապես չեն շփվում…
Թեև Տեղ խոշորացված համայնքի յոթ գյուղերում էլ հիմնականում դժգոհ են ներկա անորոշ իրավիճակից, հատկապես՝ սահմանների ուշացող ճշգրտումից, այն հանգամանքից, որ ադրբեջանցիներն արդեն ավարտել են իրենց դիրքերի ամրապնդումը, ինժեներական լուրջ աշխատանքներ են կատարել, իսկ հայկական կողմում այդ առումով ոչինչ չի արվել, բայց համայնքում ձայների գերակշռող մեծամասնությամբ հաղթանակ է տարել ներկա իշխանությունը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը համայնքում ստացել է 1 448, «Հայաստան» դաշինքը՝ 496, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 252 քվե: Համայնքի բնակիչներն առիթը բաց չեն թողնում հիշեցնելու, որ իրենց հայրենի գյուղերում (Տեղ եւ Խնածախ) պարտվել են Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։