ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանին հաջող խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար եւ հայտնել Հայաստանի հետ գործընկերության ամրապնդման մտադրության մասին։
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին եւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրությունների բարեհաջող անցկացման առթիվ։ Հայաստանի հետ մեր գործընկերությունը հիմնվում է ընդհանուր արժեքների եւ համագործակցության վրա՝ ժողովրդավարական բարեփոխումների եւ հակամարտությունների կարգավորման ոլորտում: Մենք հավատարիմ ենք այս գործընկերության ամրապնդմանը»,- թվիթերյան գրառման մեջ ընդգծել է ԱՄՆ նախագահը:
Ավելի վաղ շնորհավորանքներ էին հղել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ վերահաստատելով Ֆրանսիայի` որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի տեւական կարգավորման որոնման հարցում, եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում ընտրությունների բարեհաջող անցկացման եւ դրանցում ՔՊ-ի արձանագրած հաղթանակի կապակցությամբ: