Շիրակի մարզի Ազատան եւ Բենիամին համայնքների բնակիչները փակել են Գյումրի-Երեւան մայրուղին: Նրանք իշխանությունից պահանջում են անհապաղ լուծել ոռոգման խնդիրը:
Շիրակի մարզում գյուղատնտեսական մշակաբույսերը օդի բարձր ջերմաստիճանի եւ տեղումների ու ոռոգման ջրի պակասի պատճառով չեն ոռոգվում: Մարզի ցածրադիր հատվածների ցանքատարածքներում բերքն արդեն ամբողջությամբ վնասվել է:
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը նշել է, որ առաջին տարին չէ. գյուղացին միշտ էլ երաշտի ժամանակ ոռոգման խնդիր է ունենում։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ գյուղացիների հետ բանակցում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը։ Նրանց հետ հանդիպել է նաեւ մարզի «Ջրօգտագործողների ընկերությունների» պետը, որը խոստացել է հարցին օպերատիվ լուծում տալ։
Թարմացում. Շիրակի մարզպետի եւ Շիրակ ՋՕ պատասխանատուների հետ հանդիպումից հետո Բենիամինի, Ազատանի, Արևիկի, Գետքի, Բայանդուրի բնակիչները բացեցին Երեւան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը:
«Արմենպրեսը» նշել է, որ խնդիրը կապված է Կառնուտի ջրամբարի սակավաջրության հետ. նախորդ տարիների համեմատ այս տարի ջրամբարում կրկնակի պակաս ջուր է կուտակվել: