Մոտ մեկ տարվա հարկադիր դադարից հետո Ալավերդու քաղաքային թատրոնում փորձաշրջան է։ Բեմում նոր ներկայացում է՝ «Ծապան»-ը՝ Պատրիկ Արտեմիի (Պատվական Շաքարյան) համանուն պատմվածքի հիման վրա արված։ Ներկայացման մեջ այսօրվա Ալավերդու սոցիալական կյանքի վայրիվերումներն են, արտագաղթը, քաղաքի անուրախ կյանքը։ Բեմադրող ռեժիսոր Հրաչյա Պապինյանն ասում է՝ համավարակից, ապա պատերազմից հետո քաղաքի տխուր գույներն ավելի են խտացել ու ստիպել, որ կյանքի կոչվի նշված պատմվածքը բեմադրելու՝ դեռ նախորդ տարվանից խմորվող գաղափարը։
««Ծապան»-ն ինչ-որ առումով սոցիալական թատրոնի դրսեւորում է, երբ տվյալ բնակավայրին, հասարակությանը հուզող ամենասուր, հրատապ խնդիրները շատ արագ բեմ են հանվում, եւ մարդիկ ներկայացման միջոցով տեսնում են իրենց հուզող հարցերի պատասխանները կամ դրանց հանրայնացումը»,- պարզաբանում է ռեժիսորը։
Սյուժեի հիմքում Մեծ հայրենականին մասնակից ալավերդցի վետերանի կյանքի պատմությունն է․ պատերազմ, աքսոր, մաքառումներ, ապա՝ ընտանիք, զավակներ, որոնք մեծանալով հեռանում են երկրից ու ստիպում հորը իրենց հետ ապրել Ավստրալիայում։ Բայց հարազատ քաղաքի կարոտն ավելի ուժգին էր զավակների սիրուց, եւ նա վերադառնում է Ալավերդի՝ բարձրադիր ժայռերի մեջ իր հիմնած ծապան (արհեստական կամ բնական դարավանդ բարձունքի լանջին, դարատափ), որը նրա բարդ ու դրամատիկ կյանքի խորհրդանիշն է։
Արտագաղթի ծանր հետեւանքներն առավել ընդգծելու եւ բախումն առավել հուզական, ցայտուն դարձնելու նպատակով ռեժիսորը ներկայացման մեջ ներմուծել է որդուն սպասող կնոջ կերպար։ 27 տարի անց կինը վհատվում է սպասումից, տառապանքից, ամուսնուց ժառանգած պապենական օջախը վառ պահելուց ու խոստովանում է՝ որդին չկա, ուստի անիմաստ է պահել-պահպանել օջախը։ Հուսահատված ու հույզերի գագաթնակետին՝ նա վճռում է քանդել տան սյուները․ եթե որդին չի գալու եւ օջախը չի ապրեցնելու, ո՞ւմ են պետք այդ պատերը։
Ներկայացումը, սակայն, լավատեսական շեշտադրումով է ավարտվում՝ ծապանն ասես նոր տերեր է ունենում, երիտասարդներ, որոնք նոր սկիզբ են դնում դատարկված, բայց երբեմնի ծաղկուն քաղաքում։
Նախորդ տարի «Թատերական Լոռի» փառատոնը նվիրված էր լինելու Հայրենական պատերազմի 75-ամյակին, եւ Ալավերդու քաղաքային թատրոնը փառատոնին ներկայանալու էր նշված բեմադրությամբ։ Սակայն, ինչպես ռեժիսորն է նշում, կորոնավիրուսի համավարակը խոչընդոտել է թատրոնի աշխատանքն ու փառատոնի նախապատրաստական ընթացքը։ Հետո արդեն պատերազմ էր, եւ բոլոր ծրագրերն անորոշ ժամկետով հետաձգվել են։
Իսկ այս տարի Ալավերդու քաղաքային թատրոնի 100-րդ թատերաշրջանն է բացվելու։ Շատերի համար այս իրողությունը գուցե զարմանալի թվա, որովհետեւ քաղաքում թատրոնի հիմնադրման տարեթիվն, ըստ տարբեր աղբյուրների, 1934-ն է համարվում։ Ուշագրավ մի հրապարակում, սակայն, փոխել է ժամանակագրությունը։
«1921-ի դեկտեմբերին (Ալավերդին նույն թվականի փետրվարին էր ազատագրվել վրաց մենշեւիկների իշխանությունից եւ միավորվել Հայաստանին) «Կարմիր Լոռի» թերթում մի հրապարակում է եղել այն մասին, որ Ալավերդու թատրոնը բեմադրել է ներկայացում, որից առաջացած 4200 ռուբլի հասույթը փոխանցվել է Վոլգայի սովյալների ֆոնդին։ Նշանակում է, որ եթե դեկտեմբերին խաղացել են, ապա 1-2 ամիս պիտի փորձ արած լինեին, ռեժիսոր ունեցած լինեին եւ այլն։ Ես կարծում եմ, որ դրանից առաջ էլ եղել է թատրոն։ Բայց քանի որ թատերական կյանքի մասին մինչեւ այժմ հայտնի առաջին հիշատակումը եղել է 1921-ին, ուրեմն դա ենք համարում հիմնադրման տարեթիվը»,- պատմում է Հրաչյա Պապինյանը։
100-րդ թատերաշրջանի տարում, սակայն, հոբելյանական միջոցառումներ չեն նախատեսվում․ քաղաքային թատրոնն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի՝ դերասանական փոքր կազմից մինչեւ բեմադրական մեծ ծախսեր՝ դեկորներ, զգեստներ, լուսային էֆեկտներ եւ այլն։ Ռեժիսորն ասում է՝ սահմանափակ ռեսուրսներով հնարավոր չէ բազմազանություն ապահովել, հատկապես, երբ չունեն լավ կրթությամբ, պլաստիկայով, երգելու եւ այլ ընդունակություններով օժտված երիտասարդ դերասաններ։ Թատրոնում լուրջ է սերնդափոխության խնդիրը, ինչը ռեժիսորն առաջին հերթին ցածր վարձատրության հետ է կապում։
«Նորեկներին, որպես կանոն, ընդունում են կես դրույքով, որը 34 հազար դրամ է։ Ո՞ր երիտասարդն այդքան գումարով իր կյանքը կկապի մի ոլորտի հետ, որտեղ ապագան շատ անորոշ է։ Ինստիտուտ ավարտած ալավերդցի տղաներ եւ աղջիկներ կան, որ գերադասում են սերիալներում էպիզոդներ խաղալ, քան գալ հայրենի քաղաքի թատրոն, որովհետեւ էդպես ավելի շատ են վաստակում»,- ցավով նշում է թատրոնի երկարամյա ռեժիսորը։
Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավար Աղասի Ղորխմազյանն այն քիչ երիտասարդներից է, որ Երեւանում կրթություն ստանալուց հետո վերադարձել է ծննդավայր։ Ասում է՝ Ալավերդի վերադարձն իր համար պարտքի պես մի բան է եղել, թեպետ քաջ գիտակցել է այստեղի դժվարությունները։ Հիմա փորձում են բոլորի համար այս բարդ ժամանակահատվածում կրկին թատրոն բերել հանդիսատեսին։
«Մենք շատ տխուր ենք դիմավորում մեր 100-րդ թատերաշրջանը, եւ դա խնդիր է, որը միայն մեզնով չի պայմանավորված։ Թատրոնը շքեղ կնոջ նման միշտ ծախս է պահանջում, ու եթե չկա էդ ծախսը, ապա ոչինչ չի երեւալու։ Պետության կողմից մի քիչ անազնիվ է դերասանների հետ էսպես վարվելը, ովքեր հատկապես 1990-ականներին, գումար չստանալով, չեն դավաճանել իրենց սկզբունքներին ու բավարարել են հանդիսատեսի հոգեւոր պահանջմունքը»,- ցավով նշում է երիտասարդ դերասանը։
Ալավերդու քաղաքային թատրոնի 11 հոգանոց աշխատակազմը տարվա մեջ 8 ամիս է վարձատրվում։ Չորս ամիս դերասանները հարկադիր պարապուրդի մեջ են լինում։ Ամեն տարի մարտին համայնքապետարանի հետ նոր պայմանագիր են կնքում։ Հրաչյա Պապինյանը հիշում է, թե ինչպես է, 2003 թվականից սկսած, թատրոնի բյուջեն տարեցտարի կրճատվել, աշխատակազմը՝ փոքրացրել, եւ մի օր էլ ընդհանրապես թատրոնը փակվել է։
2007 թվականին անձնակազմը թատրոնը վերաբացելու խնդրանքով դիմել է Ալավերդու արդեն նոր համայնքապետին։ Արդյունքում նրանց հետ վեց ամսով պայմանագիր է կնքվել, որի ժամկետը հետո երկարաձգվել է՝ դառնալով ութ ամիս։ Այդպես՝ մինչեւ այսօր։
Թատրոնում այսօր վստահ չեն՝ կցանկանա՞ն արդյոք աշխատել ամբողջ տարին, որովհետեւ արդեն 3 տարի շենքը չի ջեռուցվում, եւ ձմռանն անհնարին է փորձեր անել։ Նախկինում այս խնդիրը չկար․ պղնձաձուլարանի գործունեության արդյունքում մշակույթի պալատի շենքը ջեռուցվում էր։
Ալավերդու մշակույթի կենտրոնն ու դրա կազմում գտնվող քաղաքային թատրոնը ներկայում գործում են քաղաքի Մշակույթի պալատի շենքում, որը սեփականության իրավունքով պատկանում է «Վալլեքս» ընկերությանը։
1988-ի երկրաշարժից վթարային դարձած Ալավերդու մշակույթի կենտրոնի շենքը, որը նաեւ բանվորական թատրոնի շենքն է եղել եւ գործարանի տարածքում էր, 2004-ին քանդվել է, ինչից հետո մշակույթի կենտրոնին եւ թատրոնին անվարձահատույց ու անժամկետ օգտագործման է հանձնվել «Վալլեքս»-ի սեփականությունը համարվող մշակույթի պալատի շենքը։
Ալավերդու համայնքապետարանի եւ նշված ընկերության միջեւ նաեւ պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ ընկերությունը պարտավորվում է նոր շենք կառուցել թատրոնի համար այն դեպքում, երբ նշված շենքից դուրս գալու անհրաժեշտություն առաջանա։
Փոքր խաղացանկ, հյուրախաղերի անհնարինություն, մշակույթի ոլորտում կազմակերպչական գործոնի բացակայություն ու անտեղյակություն․ Հրաչյա Պապինյանը նշում է՝ այս պայմաններում մի օր տանուլ կտան այն ներուժը, որը խորհրդային շրջանից բերել, հասցրել են անկախության տարիներ։
«Ամեն ինչ գնալով մարում է։ Մինչդեռ պետք է լինեն վերապատրաստումներ, փորձի փոխանակումներ, որպեսզի դերասանները դուրս գան Ալավերդուց, ներկայացումներ դիտեն, աճեն, զարգանան»,- ափսոսանքով նշում է Պապինյանն ու ավելացնում, որ գործող օրենքները տարբերակումներ չեն նախատեսում, եւ համայնքապետարանն ուղղակիորեն բոլոր ոլորտները կառավարում է նույն կանոնակարգերով՝ ոչ մի տարբերություն չդնելով, օրինակ, թատրոնի եւ կոմունալ բաժնի աշխատանքների միջեւ։
Երկու տարին մեկ Ալավերդիում անցկացվող «Թատերական Լոռի»-ն, որը կարգավիճակով միջազգային փառատոն է եւ նախկինում մեծ շուքով էր նշվում, այսօր ֆինանսավորման խնդիր ունի։ Փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանն ասում է՝ վերջին տարիներին խնդիրները բարդացել են՝ պայմանավորված գլխավոր հովանավոր «Վալլեքս» ընկերությունում ստեղծված իրավիճակով։ Իսկ միայն մշակույթի նախարարության ու Ալավերդու համայնքապետարանի ներդրումներով, ըստ Պապինյանի, փառատոնը պարզապես չէր կայանա։
Նախորդ տարի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դրամաշնորհով փառատոնի հանրահռչակման համար կայք է ստեղծվել, թարմացվել է տարբերանշանը, պատրաստվել են ֆիլմեր փառատոնի, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի, ինչպես նաեւ Լոռվա լավագույն դերասանների մասին՝ հայերենով ու անգլերենով։
Այս աշնանը «Թատերական Լոռի»-ն կանցկացվի փոքր մասշտաբով՝ հայաստանյան 6-7 եւ ռուսական 6 թատրոնների մասնակցությամբ։ Այն նվիրված կլինի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի 90-ամյակին։ Իսկ փառատոնային օրերից մեկն էլ կնվիրեն Ալավերդու թատրոնի 100-ամյակին։
«Էսօրվա խնդիրներով պետությունը վստահելի չէ «Թատերական Լոռի»-ի հետագա ճակատագրի, ֆինանսավորման առումով։ Դրա համար պիտի մտածենք, գտնենք այլ մասնավոր հովանավորներ, որ գոնե մշտապես բազային գումար ունենանք, իսկ կողմնակի հատկացումներով կարողանանք շքեղացնել փառատոնը»,- նշում է Հրաչյա Պապինյանը։
Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանն ասում է՝ փառատոնի հետ կապված համայնքապետարանը «ձեռքերը չի լվանում եւ հետ քաշվում», հակառակը՝ փորձում է աջակցել, որովհետեւ, ինչպես նշում է Խեչումյանը, Ալավերդու մշակույթն ու «Թատերական Լոռի»-ն իր համար առանձնահատուկ բրենդ են։
Ինչ վերաբերում է աշխատանքային 8-ամսյա գրաֆիկին ու աշխատավարձին, համայնքի ղեկավարը նշում է, որ ամբողջ տարին աշխատելու համար նախ պետք է կարողանան պայմաններ (ջեռուցում) ապահովել դերասանների համար, ինչը ներկայում հնարավոր չէ։ Իսկ միայն մշակույթի ոլորտում աշխատավարձի բարձրացումը Սասուն Խեչումյանը անարդար է համարում՝ ասելով, որ չի կարող անտեսել համայնքապետարանի ենթակայությամբ գործող մյուս կազմակերպություններին, ինչպես, օրինակ՝ մանկապարտեզներին, երաժշտական դպրոցներին, կոմունալ տնտեսությանը եւ այլն։
Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեից մշակույթի ոլորտին (թատրոն, ժողգործիքների համույթ, գրադարաններ եւ այլն) մոտ 49 մլն դրամ է հատկացվել, որից մոտ 8 միլիոնը՝ թատրոնին։ Հաջորդ տարվա համար հատկացումների չափն անորոշ է, որովհետեւ, ըստ համայնքապետի, դեռ չգիտեն՝ ինչ թվերով են տարին սկսելու։ Բացի այդ՝ Խեչումյանը կարծում է, որ Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում ամեն թատրոն չէ, որ վճարվում է նույնիսկ 8 ամիս։ Ըստ նրա՝ թատրոնների զգալի մասում վճարվում է միայն գեղարվեստական ղեկավարը կամ դրամատուրգը, որոնք էլ ապահովում են թատրոնի եկամուտները։
Իսկ 100-ամյակը բոլորած Ալավերդու թատրոնի կոլեկտիվը, անկախ դժվարություններից, եւս մեկ ներկայացման է պատրաստվում՝ Չեխով, «Քեռի Վանյա»։ Աշնանն էլ «Թատերական Լոռի»-ի շրջանակում Ալավերդին կհյուրընկալի հայաստանյան եւ ռուսական թատերախմբերի, ինչից հետո արդեն նոյեմբերին Ալավերդու թատրոնը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Территория жеста» միջազգային փառատոնին։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։