Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը բոլոր հայերին Արցախ է կանչել՝ հանուն Արցախը չկորցնելու։ Ֆեյսբուքյան իր էջում Արցախի ՄԻՊ-ը բացատրել է Արցախ այցելելու նպատակը. այնտեղ ապրող 100 հազար հայերն իրենց մենակ չեն զգա, այդ ներկայությունը կգոտեպնդի Արցախում ապրող հային, որ Արցախն ընդմիշտ հայկական մնա։
Արցախի ՄԻՊ-ը հիշեցրել է, որ ամեն տարի այս ամիսներին Հայաստանից, Սփյուռքից ու աշխարհի տարբեր երկրներից հազարավոր զբոսաշրջիկներ Արցախ էին մեկնում բնությունը վայելելու, բազմադարյա հայկական ու քրիստոնեական մշակույթին հաղորդակից լինելու համար։
Ստեփանյանը նշել է, որ այսօր Արցախում շատ են դժվարությունները, «պատերազմի հետեւանքներն Արցախին ինչ-որ առումով զրկել են իր նախկին հմայքից, բայց ոչ երբեք իր իմաստից ու խոր բովանդակությունից»:
«Արցախ պետք է գնալ՝ չնայած անվտանգային առումով ունեցած մտահոգություններին, չնայած այն ցավին ու զայրույթին, որ յուրաքանչյուր հայ ապրելու է, երբ տեսնի գերեվարված Շուշին։ Հիմա նաեւ սփյուռքահայերին որոշակի դժվարություններ են սպասվում՝ կապված Արցախի մուտքի արտոնագիր ստանալու ժամկետների հետ, բայց այդ բոլորը պետք է հաղթահարել հանուն գերակա նպատակի, հանուն Արցախը չկորցնելու։ Վե՛ր կաց ու արի՛, այստեղ քեզ սպասում են․․․»,- եզրափակել է Արցախի ՄԻՊ-ը։