Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԵՄ նախագահությունն առաջարկել է Հայաստանը ներառել այն երկրների շարքում, որոնց քաղաքացիները կարող են զբոսաշրջության նպատակով այցելել շենգենյան գոտի, ինչպես նաեւ Շվեյցարիա, Նորվեգիա, Իսլանդիա եւ Լիխտենշտեյն:
Այժմ ԵՄ «կանաչ գոտում» են 15 պետություն, որոնց թվում ԱՄՆ-ն, Իսրայելը, Հարավային Կորեան եւ Սինգապուրը: Երկու շաբաթը մեկ ցանկը թարմացվում է:
ԵՄ նախագահությունը խորհուրդ է տվել ցանկում ավելացնել եւս 10 պետություն, դրանց թվում` Հայաստանը, Ադրբեջանը, Մոլդովան եւ Կոսովոն, որտեղ հակահամաճարակային իրավիճակը, ըստ եվրոպացի փորձագետների, բարելավվել է:
Եթե առաջարկը արժանանա ԵՄ դեսպանների հավանությանը, այնուհետև հաստատվի նաեւ ԵՄ անդամ պետություններում, ՀՀ քաղաքացիներից սահմանը հատելու համար կպահանջվի ներկայացնել միայն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը կամ համավարակի դեմ ԵՄ տարածքում գրանցված պատվաստանյութով պատվաստման հավաստումը: