Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ պաշտոնական Մինսկը սկսում է «Արեւելյան գործընկերության» ծրագիրը լքելու գործընթացը:
Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի սահմանած աննախադեպ պատժամիջոցների առթիվ այսօր ԱԳՆ է հրավիրվել Բելառուսում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Դիրկ Շուբելը: Նախարարությունը Շուբելին փոխանցել է, որ ինքնիշխան եւ անկախ պետության վրա պատժամիջոցներով ճնշում բանեցնելու գործելակերպը բացարձակ անընդունելի է համարում:
Դիվանագետը տեղեկացվել է Բելառուսի ազգային անվտանգությանը, տնտեսությանը եւ քաղաքացիներին սպառնացող քայլերին արձագանքելու մասին: Բելառուսը հայտնել է, որ դադարեցնում է մասնակցությունը ԵՄ «Արեւելյան գործընկերության» ծրագրին:
Եվրամիությունում Բելառուսի մշտական ներկայացուցիչը խորհրդակցությունների համար հետ է կանչվել Մինսկ:
Բելառուսը այսուհետեւ կարգելի ԵՄ ներկայացուցիչների մուտքն ու մի շարք այլ պատասխան քայլեր կձեռնարկի:
Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկն ափսոսանք է հայտնել Մինսկի այդ որոշման համար: Նա նշել է, որ Բելառուսը փակում է Եվրամիության հետ շփվելու եւս մեկ խողովակ: «Արեւելյան գործընկերությունից» դուրս գալը բացասական ազդեցություն կգործի ազնիվ, ազատ եւ արդար ընտրությունների արժանի Բելառուսի քաղաքացիների վրա:
«Արեւելյան գործընկերությունը» Եվրոպական միության նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2009-ին եւ ունի նախկին խորհրդային վեց երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաեւ Ուկրաինայի, Բելառուսի եւ Մոլոդովայի հետ ինտեգրումը խթանելու նպատակ: