ԱՄՆ Սենատի ավելի քան 30 անդամ սենատորներ Քրիս վան Հոլլենի եւ Թոդ Յանգի ղեկավարությամբ նամակ են հղել Սենատի հատկացումների գծով հանձնաժողովի նախագահ Քրիստոֆեր Կունսին եւ բարձրաստիճան անդամ Լինդսի Գրահամին՝ խնդրելով միջոցներ տրամադրել մի շարք երկրներում՝ Աֆղանստանում, Լաոսում, Շրի Լանկայում, Անգոլայում եւ Զիմբաբվեում, ականազերծման ծրագրեր իրականացնելու համար:
Սենատորները դրա հետ մեկտեղ խնդրել են 2 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի համար:
Նամակում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում վերջերս բռնկված հակամարտությունը հանգեցրեց կլաստերային զինամթերքի, հրթիռների եւ այլ պայթուցիկ նյութերի կիրառմանը, որոնք առայսօր վտանգում են խաղաղ ազգաբնակչության կյանքը՝ մարդասիրական լուրջ վտանգ ներկայացնելով:
Բացի դրանից, ըստ սենատորների, պայթուցիկ նյութերի հեռացումը կարեւոր դեր ունի հակամարտության ընթացքում վնասված ենթակառուցվածքների վերականգման համար:
Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ սենատորներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորումն ԱՄՆ-ի կողմից ավարտվել է 2020-ի մարտին, եւ ներկայում ֆինանսավորում նախատեսված չէ:
Օրենսդիրները համարում են, որ 2022-ի ֆինանսական տարում 2 միլիոն ԱՄՆ դոլարի հատկացումը թույլ կտա զգալիորեն մեծացնել ականազերծմանն ուղղված ջանքերը եւ ապահովել, որ խաղաղ բնակիչներն առանց վախի վերադառնան իրենց տները: