ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ընդունել է հայ-իրանական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԻԻՀ նախագահի գիտության եւ տեխնոլոգիայի հարցերով փոխնախագահ, քաղաքականության եւ զարգացման գծով տեղակալ Մեհդի Էլիասիի գլխավորած պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում հանդիպմանը ներկա են եղել ԻԻՀ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի փոխնախարար եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կազմակերպության նախագահ Ամիր Նազեմի Աշանին, ԻԻՀ խորհրդարանի պատգամավորներ, իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին։
Պատվիրակության անդամները նշել են, որ համաժողովի ընթացքում իրանական ընկերությունները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել հայկական կողմի հետ տնտեսության տարբեր ճյուղերում՝ արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, սննդի, տեքստիլի, դեղագործության եւ բժշկական սարքավորումների արտադրության եւ այլ ոլորտներում արդյունավետ համագործակցություն ծավալելու հարցում:
Հաշվի առնելով իրանական կողմի՝ տարբեր երկրներում բարձր տեխնոլոգիական կենտրոններ ստեղծելու հարուստ փորձը՝ Մեհդի Էլիասին նա առաջարկել է Հայաստանում եւս հիմնել նման կենտրոն, որտեղ կկազմակերպվեն երկկողմ գործարար՝ B2B հանդիպումներ, եւ կանցկացվեն ոլորտին առնչվող քննարկումներ։
Անդրադարձ է արվել նաեւ հայկական «Մեղրի» եւ իրանական «Արաս» ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը։
Նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը՝ կողմերը քննարկել են տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ արտադրությունների կազմակերպման եւ պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ եւ այլ երկրներ արտահանելու հնարավորությունները։
Իրանական կողմը նաեւ պատրաստակամություն է հայտնել համագործակցելու Հայաստանի բժշկական հաստատությունները իրանական սարքավորումներով վերազինելու ուղղությամբ։ Քննարկվել են դեղագործության ոլորտում համագործակցության հեռանկարները։
Պատվիրակության անդամներն առաջարկել են ուսումնասիրել համատեղ ջանքերով «խելացի» քաղաքի ստեղծման հնարավորությունները։
Տնտեսության ոլորտում հայ-իրանական փոխգործակցության շրջանակում աշնանը նախատեսվում է Իրանում անցկացնել գործարար համաժողով, որի ընթացքում կքննարկվի հայ-իրանական տնտեսական համագործակցությանը վերաբերող խնդիրների լայն շրջանակ։