Հայաստանի ընտրական շրջանին զուգահեռ ընտրական գործընթացով էր անցնում նաեւ մեր հարեւան Իրանը․ հունիսի 18-ին իրանցիները նոր նախագահ էին ընտրում։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության պահապանների խորհուրդը 600-ից ավելի թեկնածուներից միայն 7-ին էր արտոնել մասնակցել ընտրապայքարին, ու նրանց թվում չկային ազդեցիկ գործիչներ բարեփոխիչների ճամբարից, նախընտրական շրջանում արդեն գրեթե պարզ էր, որ ընտրության ելքը պահպանողականների ճամբարից Էբրահիմ Ռաիսիի հաղթանակն է լինելու։
Ընտրապայքարի վերջին փուլում այդ համոզումն ավելի ամրապնդվեց․ երեք թեկնածուներ դուրս եկան ընտրապայքարից. երկուսը՝ հօգուտ Ռաիսիի։ Իսկ պայքարը շարունակող միակ բարեփոխիչ թեկնածու Աբդոլնասեր Հեմմաթիին այդպես էլ չհաջողվեց նշանակալի բարձրացնել իր վարկանիշը։
Ընտրություններն, այսպիսով, ինչ-որ իմաստով գործող քաղաքական համակարգի ու հատկապես Ռաիսիի թեկնածության վստահության հանրաքվե կարելի էր անվանել։
Ընտրողների 48 տոկոսը մասնակցեց այդ «հանրաքվեին», ինչը ռեկորդային ցածր ցուցանիշ է նախագահական ընտրությունների համար Իրանի Իսլամական Հանրապետության ողջ պատմության մեջ։ Իրանի Հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին, սակայն, այդ ցուցանիշը բոլորովին էլ ցածր չի համարում՝ հաշվի առնելով, որ երկրում կորոնավիրուսի համաճարակի առումով բարդ իրավիճակ է, իսկ մի շարք ուժեր ու նրանց սատարող լրատվամիջոցներ ընտրությունները բոյկոտելու համառ կոչեր էին հնչեցնում։
Ընտրությունների հանդեպ անտարբերության մեծ ցուցանիշի վրա ազդեցություն ունեին, իհարկե, բարեփոխիչների ջլատված ուժերն ու միասնական ուժեղ թեկնածու չունենալու հանգամանքը։
Պատահական չէ, որ եթե 2009-ի ետընտրական շրջանում արդիական էր «որտե՞ղ է իմ քվեն» կարգախոսը, ապա 2021-ի նախընտրական շրջանում շրջանառվում էր «որտե՞ղ է իմ թեկնածուն» հռետորական հարցը։
Հատկանշական է նաեւ, որ բարեփոխիչների գաղափարախոսներից Սաիդ Հաջարիանը այս ընտրություններից հետո կարծիք է հայտնել, թե Իրանում քվեի միջոցով բարեփոխումներն այսուհետ մեռած են, բայց առաջարկել է մանրամասն ուսումնասիրել ու վերլուծել «մահվան» պատճառները։
Չնայած մասնակցության ցածր ցուցանիշին՝ ընտրություններում հաղթող ճանաչվեց Էբրահիմ Ռաիսին՝ ստանալով 18 միլիոնից ավելի քվե կամ քվեարկությանը մասնակցածների 72 տոկոսի աջակցությունը։ Կարեւոր է ընդգծել, որ երկրորդ տեղում անվավեր քվեաթերթիկների քանակն է՝ 14 տոկոս։
Ռաիսին, որ գործող «ռաիսի»՝ նախագահի պես «ռուհանի» է (այսինքն հոգեւորական), այն էլ ՝ սեւ չալմայով (ինչը նշանակում է, որ նա «սաիդ» է՝ Մուհամմադ մարգարեի տոհմի ժառանգորդ), կարեւոր քաղաքական կերպար է համարվում Իրանի ներկա հոգեւոր առաջնորդի համար։ Դեռեւս նախորդ նախագահական ընտրությունների ընթացքում Ռաիսիին բնութագրելիս իրանական վերլուծական շրջանակները նրան Հոգեւոր առաջնորդի սիրելի ու ընտրյալ էին ներկայացնում։
Վարկած կա, որ ընտրյալին պատրաստում են Հոգեւոր առաջնորդի ժառանգորդության համար։ Իրավական առումով Բանիմացների խորհուրդն է հեղինակություն վայելող հոգեւորականների միջից նոր Հոգեւոր առաջնորդի ընտրում։ Բայց կա նախագահի աթոռից Հոգեւոր առաջնորդի աթոռին տեղափոխվելու նախադեպ, միակ դեպքը նոր հոգեւոր առաջնորդ ընտրելու Իրանի Իսլամական Հանրապետության պատմության մեջ․ 1989-ին այաթոլլահ Խոմեյնիի մահից հետո նրան փոխարինել է Ալի Խամենեին, որն այդ պահին երկրի նախագահի պաշտոնն էր զբաղեցնում։
Արդեն 82 տարեկան ու առողջական երկարատեւ խնդիրներ ունեցող Ալի Խամենեիի համար չափազանց կարեւոր է իր հետնորդի հարցի կարգավորումը այնպես, որ երկիրը ցնցումների չենթարկվի։ Քաղաքական համակարգի ուժային տարբեր կենտրոններ հաճախ հակոտնյա ու մրցակից դիրքերից են հանդես գալիս՝ նկատել տալով, որ նոր առաջնորդի դերում պետք է լինի բոլորի համար ընդունելի մեկը, որպեսզի իշխանության փոխանցումը առիթ չդառնա հնարավոր համակարգային փոփոխությունների կամ այդ համակարգի փլուզման։
Ռաիսին այդ առումով հրաշալի թեկնածու է՝ Բանիմացների խորհրդի անդամ բարձրաստիճան հոգեւորական, պահպանողական ճամբարի ներկայացուցիչ, դատական համակարգի ղեկավարի պաշտոնում աշխատելու փորձով ու հիմա նաեւ կառավարության ղեկավարի փորձառությամբ։
Նա ընդունելի կերպար է նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի համար, իսկ Իրանի պառլամենտում Հոգեւոր առաջնորդին ու նրա ընտրյալներին հավատարիմ ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում։
Ստացվում է, որ նոր Հոգեւոր առաջնորդի պաշտոնում Ռաիսիի ընտրության դեպքում մեծ է հավանականությունը, որ քաղաքական համակարգի առանցքային բոլոր ինստիտուտները լոյալ կլինեն նրան։ Այսպիսով՝ ներքին քաղաքականության համար Ռաիսիի հաղթանակը ավելի կոնսոլիդացված իշխանություն ու կայունություն է նշանակում։
Արտաքին քաղաքականության իմաստով Ռաիսիի ընտրությունը մեծ փոփոխություններ չի բերի։ Իրանի արտաքին քաղաքականությունը միայն կառավարության ու նրա արտաքին գերատեսչության միջոցով չէ, որ ծրագրվում ու իրականացվում է։
Բացի այդ՝ անգամ բարեփոխիչ նախագահ Հասան Ռուհանիի ու արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առկայությամբ Իրանի՝ մերձավորարեւելյան քաղաքականության պատասխանատուն ԱԳՆ-ում շարունակում էր լինել փոխարտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը՝ պահպանողական ճամբարի ներկայացուցիչ։
Իրանի արտաքին քաղաքականության առանցքային ուղղությունը շարունակելու են լինել հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի հետ առհասարակ, ինչին կանդրադառնանք առաջիկայում։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։