Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Չինաստանին «մալարիայից ազատ» կարգավիճակը հաստատող հավաստագիր է տրամադրել:
«Չինաստանը 70 տարվա ջանքերից հետո ստացավ ԱՀԿ հավաստագիր, որով փաստվում է, որ երկիրը զերծ է մալարիայից․ նշանակալի սխրանք մի երկրի համար, որը 1940-ականներին ամեն տարի հաղորդում էր այդ հիվանդության 30 միլիոն դեպքի մասին»,- ասված է ԱՀԿ-ի՝ այսօր հրապարակված հաղորդագրությունում։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը նշել է, որ Չինաստանը հաջողության է հասել դժվարին աշխատանքով, տասնամյակների նպատակաուղղված եւ մշտական գործողություններից հետո:
«Այսպիսով՝ Չինաստանը միացավ այն երկրներին, որոնք աշխարհին ցուցադրում են, որ մալարիայից ազատ ապագան իրագործելի նպատակ է»,- շեշտել է ԱՀԿ ղեկավարը:
Ըստ ԱՀԿ-ի՝ վերջին 30 տարում Չինաստանը Խաղաղ օվկիանոսի Արեւմտյան մասում տարածաշրջանի առաջին երկիրն է, որ նման հավաստագիր է ստացել: Մալարիայի հաղթահարման մասին ԱՀԿ հավաստագիր ունի 40 երկիր։ Վերջերս հավաստագիր են ստացել Սալվադորը (2021 թ․), Արգենտինան (2019 թ․) եւ Ուզբեկստանը (2018 թ․):