ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը հանդիպել է աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդի հետ: Մի շարք հարցերի թվում զրուցակիցները առանձնակի ուշադրությամբ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մարդասիրական հայեցակետերը:
Զրույցի ընթացքում քննարկվել են նաեւ աշխարհում փախստականների, ներքին տեղահանվածների եւ քաղաքացիություն չունեցող անձանց դրության խնդիրները, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն հանձնակատարի վարչության հետ Ռուսաստանի փոխգործակցության հեռանկարները:
Ռուս դիվանագետը եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչը հաստատել են, որ կշարունակեն կառուցողական ու արդյունավետ փոխգործակցությունը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ֆիլիպո Գրանդիի հետ հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ փախստականների եւ տեղահանված անձանց վերադարձին՝ ըստ նախորդ տարվա նոյեմբերի 10-ին հրադադարի մասին ստորագրված եռակողմ հայտարարության: