Եռաբլուրում ծածանվող դրոշակների խշշոցը, 4 հազարից ավելի թարմ հողաթմբերը, անհետ կորածներն ու 10 հազար վիրավորները, 8 հազար քառակուսի կիլոմետր հողերի կորուստը, ազգային նվաստացումն ու ստորացումը, Բաքվի բանտերում տառապող հայ տղաների հայացքները բավարար չէի՞ն, որ չգնայինք, 54 տոկոս քվե տայինք արդեն վերընտրված աղետին:
Սերունդները կարդալու են ու չեն կարողանալու բացատրել, ավելին՝ ներել, թե ինչպես իրենց նախնիները քվե տվեցին մի մարդու ու մի ուժի, որ վերջին 100 տարում հայ ժողովրդի համար բերել էր ամենամեծ աղետն ու պարտությունը:
Սա 2018 թվականը չէ, երբ Թավշյա հեղափոխությունը իշխանությունից հեռացրեց նախկիններին: 2018-ի 70 տոկոսը կարելի էր բացատրել երեկ եւ կարելի է բացատրել այսօր ու ապագայում: 2021-ի 54 տոկոսը անբացատրելի է, անտրամաբանական ու աններելի:
1920-ին այն օրվա իշխանությունը՝ ՀՅԴ-ն, ներքաշվեց պատերազմի մեջ քեմալականների դեմ, պարտություն կրեց, կորցրեց 30 հազար քառակուսի կիլոմետր, տվեց հազարավոր զոհեր, վիրավորներ ու գերիներ (այդ թվում՝ մեկ նախարար եւ մեկ հոգեւորական, ով պիտի դառնար Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գահակալներից) եւ հեռացավ իշխանությունից:
Այս իշխանությունը, որի անունը ՔՊ է, երկրորդ անգամ ստանում է հայ ժողովրդի քվեն ոչ թե Թավշյա հեղափոխությունից, այլ 44-օրյա աղետից հետո: Այսինքն՝ ընտրություններին մասնակից ամեն երկրորդը եւ ընտրելու իրավունք ունեցող ամեն չորրորդը ձայն է տվել մի մարդու եւ մի ուժի, որ աղետ է բերել մեր պետությանը:
Առավել անբացատրելի է այն, որ քվե ստանում է հող կորցրած իշխանությունը մի երկրում, որն ապրում է Արեւմտյան Հայաստանը հետ բերելու, Հայ դատի հեռանկարով ու առասպելով:
Գուցե Արեւմտյան Հայաստանը եւ Հայ դատը լոկ խոսքեր են, որոնց հետեւում թաքնվում են անպատասխանատու հայրենասերները: Գուցե դա միֆ է:
Մենք չենք անտեսում այն իրականությունը, որ պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը, նրան օգնել են Թուրքիան ու ջիհադիստ վարձկանները, որ Արցախի տարածքների հարցում մենք չունեինք դաշնակիցներ, մինչդեռ միջազգային ամբողջ հանրությունը աջակցում էր Ադրբեջանին: Անգամ այս պայմաններում 54 տոկոսը չի կարող լինել արդարացում:
Մենք չենք անտեսում այն իրականությունը, որ մեր պարտության թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ից բացի մեղքի ու պատասխանատվության բաժին են կրում նախկին իշխանությունները եւ առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Բայց կրկին, 54 տոկոսը չի կարող լինել արդարացում:
Ու տեսեք, այս երեքը միասին ստացել են քվեների ավելի քան 81 տոկոսը:
54 տոկոս քվե տված ժողովուրդը ներելու է գործող իշխանությունների այլ մեղքեր եւս, քանի որ չի ուզում լսել Եռաբլուրում ծածանվող դրոշակների խշշոցը, չի ուզում տեսնել 4 հազարից ավելի թարմ հողաթմբերը, ներում է անհետ կորածների ու 10 հազար վիրավորների իրողությունը, 8 հազար քառակուսի կիլոմետր հողերի կորուստը:
Վաղը այս իշխանությունը զիջի անկլավները, սուվերեն միջանցք տրամադրի Ադրբեջանին, որ վերջինս Հայաստանով կապվի Նախիջեւանի ու Թուրքիայի հետ, ճանաչի Ադրբեջանի, ապա Թուրքիայի սահմանները, 54 տոկոսը ասելու է՝ Նիկոլն ի՞նչ անի:
Ինչ-որ անհասկանալի բան է կատարվում մեր ժողովրդի հետ: Բայց այսպես երկար շարունակվել չի կարող: Գալու է մի պահ, որ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը համոզվելու է, որ Փաշինյանի՝ վարչապետ եւ ՔՊ-ի իշխանության մնալու ամեն օրը վճարվում է Հայաստանի Հանրապետության հաշվին: Այս երկրի ինքնիշխանության, արժանապատվության եւ ապագայի հաշվին:
Դա կարող է շատ ուշ լինել: Բայց ի՜նչ արած: Դա էլ ժողովրդի ընտրությունն է:
Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։