Ռուսաստանն այս շաբաթ հանեց թուրքական զբոսաշրջության վրա դրված արգելքը, որը պարտադրված մտցրել էր համավարակի եւ աշխարհաքաղաքական լարվածության պատճառով:
«Ռուսները վերջապես գալիս են, բայց թուրքական դատարկ այս հանգստավայրի [Բոդրումի] քաղաքապետը կասկածում է, որ նրանց փոխանակած ռուբլիները կփրկեն եւս մեկ կորսված ամառ»,- գրում է Kuwait Times-ը:
Քաղաքապետ Ահմեթ Արասը AFP-ին ասել է, որ զբոսաշրջության անցած սեզոնը փակել են 75 տոկոս անկումով։ «Այս հուլիսից երբ սկսվեն թռիչքներ Ռուսաստանից եւ Եվրոպայից, մենք վերականգնվելու հույս կունենանք, բայց ընդհանուր առմամբ ոլորտը ոտքի կանգնեցնելու համար անհրաժեշտ կլինի մի քանի տարի»։
Զբոսաշրջության ոլորտում համավարակի հետ կապված խստացումները կործանեցին Թուրքիայի տնտեսությունը`զրկելով երկրին պարտքերը ֆինանսավորելու եւ լիրային աջակցելու համար անհրաժեշտ օտարերկրյա եկամուտներից:
2019-ին Բոդրումի օդանավակայանն ընդունել էր ռեկորդային թվով՝ 4,34 միլիոն զբոսաշրջիկի, իսկ մեկ տարի անց ժամանողների թիվը նվազեց երկու երրորդով՝ հունվար-մայիս ժամանակահատվածում դառնալով 350000։ Բայց դեռ հույս կա, եւ Թուրքիայի ղեկավարները մատները խաչելով ասում են՝ «Աստծո կամքով կսկսենք զբոսաշրջությունը զարգացնել»: