Եվրամիության խորհուրդը Հայաստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիների համար չեղարկվելու են սահմանափակումները ԵՄ եւ Շենգենյան գոտու տարածք: ԵՄ-ի որոշումն ուժի մեջ կմտնի մինչեւ շաբաթավերջ:
Առանց դրա ԵՄ անդամ որեւէ պետություն չէր կարող բացել սահմանները Հայաստանի քաղաքացիների համար: Այժմ ԵՄ անդամ պետություններն առանձին կորոշեն` երբվանից եւ ինչ պայմաններով մուտքի վիզա տրամադրել Հայաստանի քաղաքացիներին:
Հայաստանից բացի՝ ցուցակում ներառվել են նաեւ Ադրբեջանը, Բոսնիա եւ Հերցեգովինան, Բրունեյը, Կանադան, Կատարը, Հորդանանը, Կոսովոն, Մոլդովան, Մոնտենեգրոն, Սաուդյան Արաբիան:
Ցուցակից դուրս է մնացել Միացյալ Թագավորությունը, քանի որ այնտեղ լայնորեն սկսել է տարածվել կորոնավիրուսի «Դելտա» շտամը:
ԵՄ «ապահով» երկրների ցանկը թարմացվում է ամեն շաբաթ՝ տարբեր երկրներում համավարակային իրավիճակով, կորոնավիրուսի նոր դեպքերի ու պատվաստումների թվով պայմանավորված: