Սեւ ծովի արեւմուտքում երկուշաբթի մեկնարկել են միջազգային զորավարժություններ՝ շուրջ երեք տասնյակ երկրների մասնակցությամբ: Բրիտանական HMS Trent պարեկային ռազմանավը Բոսֆորի նեղուցով մտել է Սեւ ծով։
Ռազմանավի մուտքը Սեւ ծով կատարվել է Ռուսաստանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին, երբ Ղրիմի մոտ Defender հածանավի կուրսը փոխելու համար ռուսական ռազմածովային ուժերն ու օդանավերը նախազգուշական կրակոցներ էին արձակել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը այսօր տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, որ Ռուսաստանը Սեւ ծովում կործանիչներ է օդ բարձրացրել մեկ այլ՝ հոլանդական Evertsen ֆրեգատի դեմ։ Միջադեպը տեղի է ունեցել բրիտանական Defender հածանավի դեպքից մեկ օր անց։
Մոսկվան այս անգամ սահմանը խախտելու մեղադրանք չի ներկայացրել, բայց պնդել է, որ ռազմանավը շարժվում էր Կերչի նեղուցի ուղղությամբ, եւ կործանիչները ստիպել են փոխել կուրսը։
Նիդերլանդների պաշտպանության նախարարությունը ռուսական ուժերի գործողությունները անպատասխանատու է համարել՝ նշելով, որ որեւէ արդարացում չկա նման ագրեսիվ գործողություններին, որոնք մեծացնում են պատահարների ռիսկերը:
Մոսկվան, սակայն, պնդել է, որ կործանիչները անվտանգ հեռավորության վրա էին։