ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը հայտնել է, որ 2021-ի հունիսի 30-ին Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մ 80 սմ բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մ 84 սմ նիշի դիմաց։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի հետևանքով լճի մակարդակը նվազել է 4 սմ-ով:
2021-ի հունվարից մինչեւ հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է հոսել 124 միլիոն 279 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիսին Սեւանա լճից արդեն բաց է թողնվել 72 միլիոն 653 հազար խորանարդ մետր ջուր:
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լեւոն Ազիզյանը դեռեւս այս տարվա մայիսի կեսերին հայտարարել է, որ հուլիսի առաջին տասնօրյակում, վերջին 60 տարվա ընթացքում առաջին անգամ, Սեւանի մակարդակը կհասնի ռեկորդային նիշի։
Ազիզյանն ընդգծել է, որ 2017-ի ռեկորդային 1900.91 մետր ցուցանիշը հունիս-հուլիս ամիսներին կգերազանցվի 9 սանտիմետրով՝ հատելով 1901 մետրի սահմանը։ «Հիդրոօդերևութաբանական բոլոր պայմանները կան, որ գրանցվի այդ ցուցանիշը»,- ասել է նա։