Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Բոսֆորին զուգահեռ կառուցվելիք «Ստամբուլ» ջրանցքը նոր շունչ կտա Ստամբուլին։ «Ստամբուլ» ջրանցքի շինարարության մեկնարկը սկսվել է ապագա ջրանցքի վրայով անցնող վեց կամուրջներից մեկի հիմնարկեքով:
Էրդողանը ընդդիմությանը կրկին մեղադրել է ջրանցքի կառուցման համար խոչընդոտներ ստեղծելու համար։ Թուրքիայի նախագահը ջրանցքի կառուցման գաղափարի մասին խոսել է դեռեւս 2011-ի ապրիլին. «Ստամբուլ» ջրանցքի կառուցումը նրա երազանք է:
Էրդողանը նշել է, որ ջրանցքի կառուցումը ենթադրում է նաեւ շատ այլ կառույցներ, նավահանգիստներ ու ենթակառուցվածքային այլ օբյեկտներ, որոնք շատերին կապահովեն աշխատանքով: Ջրանցքի շուրջը նախատեսվում է կառուցել սեյսմակայուն տներ, որտեղ բնակվելու է մոտ 500 հազար մարդ։ Նախագիծը ծրագրում են ավարտել վեց տարում։
Նախագծի համաձայն՝ Ստամբուլը պետք է բեռնաթափի Բոսֆորի նեղուցը, որի միջով ամեն տարի անցնում են ավելի քան 50 հազար տարբեր նավեր, այդ թվում՝ նավթով լցանավեր։
Նախագծով՝ 45-50 կմ երկարությամբ ջրանցքը Մարմարա ծովը կմիացնի Սեւ ծովին։ Խորությունը կկազմի 25 մետր, իսկ լայնությունը՝ 150 մետր: Նախագծի արժեքը գնահատվում է 10 մլրդ դոլար: Նոր ջրանցքի թողունակությունը նախնական հաշվարկներով կկազմի տարեկան 85 հազար նավ։