Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնել է, որ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը: Նահանգի սենատը միաձայն ընդունել է ճանաչման վերաբերյալ 71-րդ բանաձեւը։
Սենատը նաեւ Թուրքիային եւ Ադրբեջանին դատապարտել է Արցախի եւ Հայաստանի խաղաղ բնակչության դեմ ագրեսիայի համար եւ վերահաստատել Հայոց ցեղասպանության ճանաչումը:
Նյու Ջերսին Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ 10-րդ նահանգն է:
Արցախի անկախությունը ճանաչած մյուս նահանգներն են Ռոդ Այլենդը (2012), Մասաչուսեթսը (2012), Մենը (2013), Լուիզիանան (2013), Կալիֆոռնիան (2014), Ջորջիան (2016), Հավային (2016), Միչիգանը (2017), Մինեսոտան (2019):
2019-ի ապրիլի 24-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձեւ, որում իր սատարումն է հայտնել Արցախի Հանրապետությանը՝ ընդգծելով Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շրջափակման անթույլատրելիությունը։
Հավելենք նաեւ, որ 1999-ի մարտի 11-ին Եվրախորհրդարանը ընդունել է բանաձեւ, որում նշված է, որ Արցախի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը միութենական հանրապետությունների համանման հայտարարությունների ընդունումից անմիջապես հետո: