Ըստ Al Arabiya-ի՝ Սուեզի ջրանցքի ղեկավարությունը համաձայնության է եկել մարտին ջրանցքն արգելափակած Ever Given խոշոր բեռնատարի սեփականատեր ընկերության հետ, որ վերջինս 540 մլն ԱՄՆ դոլար է վճարելու՝ որպես պատճառած վնասի փոխհատուցում:
400 մ երկարության բեռնատարը մարտի 23-ին փակել էր ջրանցքի հարավային հատվածը՝ այն անանցանելի դարձնելով մյուս նավերի համար: Նավի դիրքը փոխելու եւ բնականոն ընթացքի մեջ դնելու վրա ծախսվել էր վեց օր: Դրա հետեւանքով շուրջ 400 նավերի խցանում էր գոյացել, որը հասնում էր ընդհուպ մինչեւ Հնդկաստան:
Bloomberg-ի տվյալներով՝ Սուեզի ջրանցքի խցանումը համաշխարհային տնտեսությանն օրական 10 միլիարդ դոլարի վնաս է պատճառել:
Սուեզի ջրանցքը աշխարհում ամենածանրաբեռնված ծովային առեւտրային ուղիներից է, որի երկարությունը 160 կմ է, լայնքը՝ 250 մ, խորությունը՝ 20 մ: Միջերկրական եւ Կարմիր ծովերն իրար կապող ջրանցքը հնարավոր է դարձրել Եվրոպայի եւ Ասիայի միջեւ նավարկությունը՝ Աֆրիկան շրջանցելով եւ ճանապարհը կրճատելով 7000 կմ-ով: Ջրանցքով օրական նավարկում է շուրջ 50 նավ:
Սուեզի ջրանցքով է անցնում բեռնափոխադրումների համաշխարհային հոսքի 12 տոկոսը, այն նաեւ նավթի համաշխարհային լցանավային փոխադրումների առավել բեռնված ջրային մայրուղիներից մեկն է: