ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հատկացումների կոմիտեն քննարկելու է գալիք տարվա ֆինանսական հատկացումների եւ օժանդակության մասին փաստաթուղթը, որով առաջարկում է առնվազն 50 միլիոն դոլարի օժանդակություն Հայաստանի Հանրապետությանը եւ 2 միլիոն՝ Արցախին՝ ականազերծման նպատակով։
Ըստ Ամերիկայի հայկական համագումարի մամուլի ծառայության՝ փաստաթուղթն արդեն արժանացել է համապատասխան ենթահանձնաժողովի հավանությանը։ Քննարկվելիք օրինագծով նաեւ արգելում է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահի անվտանգության ծառայությանը, եւ վերահաստատվում է 907-րդ բանաձեւի կարեւորությունը, որը սահմանափակում է ամերիկյան կառավարական օգնությունն Ադրբեջանին։
Դեռեւս 1992-ին ուժի մեջ մտած Ազատության աջակցության 907-րդ բանաձեւը կասեցնում է ամերիկյան ուղղակի օժանդակությունը Բաքվին, քանի դեռ վերջինս շրջափակում է իրականացնում Հայաստանի հանդեպ։ Այս դրույթն ամերիկյան պետքարտուղարության կողմից ամենամյա սկզբունքով չեղարկվում է 2001 թվականից սկսած, սակայն վերջին տարիներին Միացյալ Նահանգների հայկական լոբբիստական խմբերն աշխատանք են տանում այն վերահաստատելու ուղղությամբ։
«Արտաքին հատկացումների Կոմիտեն մտահոգ է Ադրբեջանին եւ Հայաստանին տրվող ֆինանսական հատկացումների միջեւ անհավասարությամբ, ինչը հնարավոր դարձավ ազատության աջակցության 907-րդ բանաձեւի ամենամյա կասեցմամբ, որ իրականացնում է պետքարտուղարը»,- շեշտված է Կոնգրեսում շրջանառվող փաստաթղթում։