Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Արցախի իշխանությունները լրացուցիչ աշխատանքներ են տանում ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու եւ վերահսկողությունը ուժեղացնելու առումով:
«Ադրբեջանական կողմից որոշակի լկտի վարք լինում է, այդ թվում` ճանապարհներով անցնելիս»,- նշել է պետնախարարը:
Բեգլարյանը մեջբերել է Արցախի Ազգային ժողովում նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, ըստ որի՝ Կարմիր շուկա-Շուշի ճանապարհից շուտով մի քանի ամսվա ընթացքում ադրբեջանական կողմը այլեւս չի օգտվելու:
«Այս մասով էլ լրացուցիչ աշխատանք է տարվում, աշխատանքներ են տարվում նաեւ այդ ճանապարհների անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, գիշերային լուսավորության հարցերն են լուծվում, լրացուցիչ վերահսկողությունն է ուժեղացվում եւ այլն»,- ընդգծել է Արտակ Բեգլարյանը:
«Առաջնահերթորեն ռուս խաղաղապահներն են այս պահին երաշխավորում անվտանգությունը, եւ այն խոշոր առումով ապահովված է: Իհարկե փոքր դեպքեր, միջադեպեր եղել են, որոշ մասով արձագանքներ կամ գործողություններ եղել են։ Կանխարգելիչ աշխատանքներ մեր Զինված ուժերն էլ, բնականաբար, կատարում են, որոնց մասին շատերն ուղղակի տեղյակ չեն, չեն էլ կարող պատկերացնել, թե ինչ կարող էր լինել, եթե այդ դեպքերը չկանխարգելվեին»,- ասել է Արցախի պետնախարարը։
Կարմիր շուկա-Շուշի ճանապարհին պարբերաբար միջադեպեր են գրանցվում: Ադրբեջանցիները Կարմիր շուկա-Շուշի ճանապարհն անցնում են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ Ճանապարհը հայկական վերահսկողության տակ է։