Թուրքիայի վիճակագրական ընկերությունը՝ TÜİK-ը, տվյալներ է հրապարակել արտաքին առեւտրի ծավալների մասին։ Ըստ այդմ՝ 2021 թվականի մայիսին Թուրքիայից կատարված արտահանման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 65.7 տոկոսով՝ կազմելով 16 մլրդ 498 մլն դոլար, իսկ հունվար-մայիս ժամանակահատվածում արտահանումն աճել է 38.3 տոկոսով՝ հասնելով 85 մլրդ 209 մլն դոլարի։
Այլ երկրներից Թուրքիա կատարված ներմուծումը հունվար-մայիս ժամանակահատվածում աճել է 25.2 տոկոսով՝ կազմելով 103 մլրդ 485 դոլար։ Մասնավորապես մայիսին Թուրքիայի ներմուծման ծավալները նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել են 54 տոկոսով՝ կազմելով 20 մլրդ 627 մլն դոլար։
Տարեսկզբի 5 ամսում Թուրքիայից ամենաշատ արտահանումը կատարվել է գերմանական շուկա։ Հունվար-մայիս ժամանակաընթացքում Թուրքիայից Գերմանիա է արտահանվել 7, 6 միլիարդ դոլարի ապրանք։ Նշենք, որ 2020-ի առաջին 5 ամսում եւս Թուրքիայից ամենաշատ արտահանում կատարվել էր Գերմանիա։
Արտահանման ծավալներով Գերմանիային հաջորդում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Իսպանիան:
Իսկ ամենաշատ ներկրումները Թուրքիան կատարել է Չինաստանից: Միայն մայիսին Չինաստանից Թուրքիա ներմուծումը կազմել է 2,6 միլիարդ դոլար:
Ներմուծման ծավալներով Չինաստանին հաջորդում են Ռուսաստանը (2 մլրդ 62 մլն դոլար), Գերմանիան (1 մլրդ 783 մլն դոլար) եւ ԱՄՆ-ը (951 մլն դոլար):