Խծաբերդում ու Հին Թաղերում գերեվարված շիրակցի 53 պահեստազորայիններն այժմ Բաքվի ծանր հանցագործությունների Յասամալի շրջանային դատարանում ցուցմունքներ են տալիս որպես մեղադրյալներ:
Հայ ռազմագերիներից մեկն այսօր դատարանում պատմել է, որ զինկոմիսարիատում իրենց զինել են, գիշերը ավտոբուսով ուղարկել Լաչին, որի ճանապարհին քնել են: Այնուհետեւ ճանապարհը շարունակել են «Ուրալ» բեռնատարով եւ կանգ առել լեռնային հատվածում: Տղաները պատմել են, որ հրամանատարն ասել է, որ իրենց խնդիրը տարածքին հետեւելն է:
Արցախյան վերջին պատերազմի օրերին գերեվարված Լյուդվիգ Մկրտչյանի ու Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին խոշտանգելու մեղադրանք է առաջադրված: «Խոշտանգվածները գտնվել եւ այժմ Բաքվի դատարանում ցուցմունք են տալիս»:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների գործով ցուցմունք տվող շիրակցի պահեստազորայինները հայկական հսկողության տակ գտնվող Խծաբերդի եւ Հին Թաղերի հատված են տարվել եռակողմ հայտարարությունից հետո՝ նոյեմբերի վերջին:
Ի սկզբանե շինծու մեղադրանքներով
Դեռեւս հայտնի չեն ինչպես հայ պահեստազորայինների գերեվարվման, այնպես էլ Հադրութի շրջանի գյուղերի՝ ադրբեջանական հսկողության տակ անցնելու հանգամանքները:
Հայ ռազմագերիներին սպառնում է մինչեւ 20 տարվա կամ ցմահ ազատազրկում: Հայ իրավապաշտպանները եւ միջազգային իրավունքի մասնագետները այս դատավարություններն ի սկզբանե համարել են շինծու՝ հորինված մեղադրանքներով:
Հայաստանի քննչական կոմիտեի տվյալներով Ադրբեջանում առնվազն 106 գերի կա: Բաքուն հաստատել է միայն 60-ի գերեվարման փաստը: Նրանցից 53-ը Խծաբերդի պահեստազորայիններն են:
Ադրբեջանի վերահսկողությանն անցնելու երկու վարկածը
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է, որ իր կարծիքով Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել երկու տարբերակներից մեկով:
Ըստ առաջին վարկածի՝ գյուղերն Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել եռակողմ համաձայնագրի «կողմերի ստորագրած քարտեզներով», որոնցով Խծաբերդը եւ Հին Թաղերը չէին մնում հայկական վերահսկողության տակ։
«Երկրորդ վարկածով` ադրբեջանական կողմն օգտվել է այդ տարածքում ռուս խաղաղապահների բացակայությունից եւ շարունակել է մարտական գործողությունները՝ բռնազավթելով այն պատառիկը, որը կարողացել էինք պահել պատերազմի ժամանակ»,- նշել է Բեգլարյանը:
Շատ հարցեր բաց են մնում
Պետնախարարը (պատերազմի օրերին՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը) հավելել է, որ չի մասնակցել բանակցություններին եւ չի կարող ճշգրիտ տեղեկություն տալ: Նա ընդգծել է, որ իր համար էլ շատ հարցեր բաց են մնում:
2020-ի դեկտեմբերի 11-ին եւ 12-ին բախումներ տեղի ունեցան Հին թաղեր եւ Խծաբերդ գյուղերի մերձակայքում, դրանք դադարեցրին ռուս խաղաղապահները: Այս երկու բնակավայրերը նախ մտել էին ռուս խաղաղապահների վերահսկողության գոտի, բայց որոշ ժամանակ անց անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ 72 հայ զինծառայողներ գերեվարվել են Հին Թաղեր եւ Խծաբերդ գյուղերի մոտակայքում։