ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ադամ Շիֆը հայտարարել է, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների 2022 ֆինանսական տարվա ծախսերի մասին օրինագծում ներառվել է Հայաստանին եւ Արցախին հատկացվող կայուն ֆինանսավորման հարցը:
«Ավերիչ հակամարտությանը եւ անհավանական տառապանքին հաջորդող տարում մեզ հաջողվել է Հայաստանի եւ Արցախի համար ավելի քան 52 միլիոն դոլարի ֆինանսավորում ներառել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների մասին օրինագծում: Այս կայուն ներդրումը կաջակցի ժողովրդավարական, տնտեսական եւ էներգետիկ բարեփոխումների իրականացմանը Հայաստանում եւ առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնություն կապահովի Արցախին:
Մենք պետք է հորդորենք նախագահ Բայդենին հրաժարվել Ադրբեջանում Ալիեւի ռեժիմին օգնություն տրամադրելուց, որը շարունակում է կոպտորեն խախտել մարդու իրավունքներն ու սպառնալ Հայաստանի անկախությանը: Միշտ Հայաստանի եւ Արցախի ժողովրդի կողքին եմ»,- ասված է Ադամ Շիֆի հայտարարության մեջ: