Անցած օրերին ջուրը դարձել էր հայաստանյան լրահոսի գլխավոր թեմաներից մեկը։
Երեւանում սովորականից հաճախացել էին խմելու ջրի անջատումները ինչ-որ վթարների կամ նորոգումների պատճառով, իսկ մարզերում, մասնավորապես հունիսի 26-ին Արմավիրում եւ 29-ին Շիրակում, ոռոգման ջրի պակասը ստիպել էր մարդկանց ցույցի դուրս գալ եւ փակել ճանապարհները։
Եվ ահա, այս ֆոնին, ջրի այս սակավության պայմաններում մեկ էլ հաղորդագրություն է գալիս, թե վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էդ հարցով խորհրդակցություն է անցկացրել եւ ասել.
«…Պետք է արձանագրենք, որ կլիմայական այս փոփոխությունները մեզ հանգեցնում են եզրակացության, որ եթե շատ չոր ձեւակերպենք, ավանդական ոռոգումն ընդհանրապես, որպես այդպիսին, ապագա չունի: Մեր գլոբալ ռազմավարությունը գյուղատնտեսության ոլորտում պետք է լինի, մասնավորապես, կաթիլային ոռոգման եւ ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառումը»։
Փաստորեն, եթե հիշենք «Փաշինյան @ CO» ՍՄԸ-ի նախընտրական կարգախոսը, ստացվում է, որ ավանդական ոռոգումը միակ բանն է, որ Հայաստանում ապագա չունի։
Նույն խորհրդակցությունում ժամանակավոր պաշտոնակատարը հավելել է, թե դա էլ մեկ-երկու տարում արվող գործ չէ։ Պաշտոնական հաղորդագրության մնացած հատվածներին (դրանք, ըստ էության, «բառային ջուր» են, որ պիտանի չեն ո’չ ոռոգման, ո’չ խմելու համար) չենք անդրադառնա։
Անպայման կաթիլայինի անցնելու հայտարարությունը երկու հայտնի պատմություն հիշեցրեց։ Առաջինը վերագրվում է Ֆրանսիայի թագուհիներից մեկին, հիշում եք երեւի՝
«- Ժողովուրդը բողոքում է, որ հաց չունի ուտելու։
– Հաց չունի, թող թխվածք ուտի,- պատասխանում է թագուհին»։
Հիմա էս Նիկոլն է՝ ջուր չկա, թող կաթիլայինի անցնեն։
Երկրորդը ավելի նոր՝ խորհրդային անցյալին է վերաբերում։ Ամերիկայից վերադառնալուց հետո ԽՍՀՄ այն ժամանակվա ղեկավար Նիկիտա Խրուշչովը հանձնարարում է հացահատկի պակասը լրացնել եգիպտացորեն աճեցնելով։ Դե, բնականաբար, կուսակցության հատուկ բանաձեւ է ընդունվում, հանձնարարական, ամենուր եգիպտացորենի արդյունավետության եւ օգտակարության մասին լոզունգներ։ Մի խոսքով՝ հերթական «կամպանիան», որ ապագա չունեցավ (անկախ ինձնից փաշինյանական ձեւակերպում ստացվեց)։
Փաշինյանի ասածը համարյա սրան է հանգում։ Շուտով հավանաբար կաթիլային ոռոգմանն անցնելու պրոպագանդա կսկսվի, հնարավոր է «Ապագա կա ապագա» պաստառների փոխարեն հայտնվի «հարվածե՛նք կաթիլային ոռոգմամբ անջրդիությանն ու երաշտին» կարգախոսը, ժողովներ կհրավիրվեն՝ մարդկանց բացատրելու դրա առավելությունները։
Եվ այս ամբողջ «քարոզարշավի» ընթացքում կմոռացվի մի պարզ բան. ուզում ես կաթիլային համակարգ կիրառիր, ուզում ես առվով ու ակոսներվ ջրելու ավանդական եղանակը, դրա համար ջուր է հարկավոր։ Եթե ջուրը չկա, ինչպես գյուղացին կասեր՝ «քամակով ռումբ էլ գցես», հողը չի ջրվելու։ Ուստի էդ ամեն ինչից առաջ հարկավոր է ջրամբարների եւ ջուր կուտակելու հարցը լուծել, իսկ էդ հարցը «սրիկա նախկինները» չեն լուծել, դրա համար էլ «մեծ առաջնորդի» կառավարությունը, ահա, այս վիճակում է հայտնվել։
Եվ սա՝ նախկիններին մեղադրելը, այն ենթատեքստն է, որ աչքի է զարնում Փաշինյանի խոսքում։ Ո՛չ ուղղակի, իհարկե, այլ տողատակին. եթե նրանք ժամանակին Հայաստանում ջրամբարներ կառուցած լինեին եւ ներդրած լինեին կաթիլային ոռոգման համակարգը, հիմա տենց խնդիր չէր առաջանա։ Ի՞նչ անի «խեղճ Փաշինյանը», էդպիսի ժառանգություն է ստացել այդ «սրիկա նախկիններից»։
Սա է «հեղափոխական» իշխանության գլխավոր փաստարկը. ամեն ինչում նախկիններն են մեղավոր։
Եթե նախկինները նախ 88-ին Ղարաբաղի հարց չբարձրացնեին, հետո էլ՝ 90-ականներին, չազատագրեին Ղարաբաղն ու նաեւ չգրավեին հարակից շրջաններն իբրեւ անվտանգության գոտի, հիմա հո էդ 44-օրյա պատերազմը չէ՞ր լինի, եւ խեղճ Փաշինյանն էլ էդքան չէր տանջվի ղարաբաղյան հարցը «սեփական կետից» սկսելու համար…
«Նախկինների» մնացած «մեղքերը» ձեզ հայտնի են, չթվարկեմ։
Գիտե՞ք՝ ինչու է ամեն ինչ բարդում «նախկինների» վրա։ Որովհետեւ երբ 2018-ին իշխանություն էր վերցնում ՀՀԿ-ական դեմքերից զզված զանգվածների (ինչ մեղքներս թաքցնենք, նաեւ մե՛ր մասնակցությամբ) ցույցերի ալիքի վրա, միակ ցանկությունը ոչ թե ինչ-որ խնդիրներ ժառանգելն ու դրանք լուծելն էր, այլ միայն իշխանության տված «կայֆերը» վայելելը։
Հիշո՞ւմ եք՝ «լայվ» էր մտնում՝ կառավարական ամառանոցից՝ ցույց տալու համար, թե ոնց է ապրելու, հեծանիվ էր քշում, ուղղաթիռից էր «լայվ» մտնում՝ անտեսելով անվտանգության կանոնները, անգամ օտարերկրյա ղեկավարների հետ հանդիպումն էր «կայֆերի» շարքը դասել եւ դրանք էլ էր ցուցադրում ուղիղ եթերով։
Իսկ երբ վերջապես գլխի ընկավ, կամ գլխի գցեցին (էս մեկը կասկածում եմ, թե իր մերձավորներից մեկը արեց, նրանց չի լսում, հավանաբար «թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչի» խորհրդականներից մեկի կրտսեր օգնականը գլխի գցեց), որ իշխանությունը միայն «կայֆերը» չեն, այլ նաեւ երբեմն-երբեմն աշխատելն ու պատասխանատու լինելը արածների համար, արդեն ուշ էր, արդեն ինքը դարձել էր աղետ։
Ոչ մի հարց չլուծող աղետ, որ քովիդի դեմ պայքարում էր «պինցետով», իսկ ղարաբաղյան պատերազմը տանուլ տվեց պաշտոնական տվյալներով մոտ 4000 ջահելի արյունով։
Եվ դրանում էլ, բնականաբար, «նախկիններն էին մեղավոր»։
Հ. Գ. «Մի քիչ փող ուղարկեք»,- ասում էր անմահ Փանջունին՝ կործանելով Ծապլվարը։ «Մի քիչ ձայն տվեք, որ ես իմ իշխանական կայֆերը շարունակեմ»,- ասաց ու ստացավ նորօրյա Փանջունին, որ երեւի շուտով մտածի, թե իր «կայֆերին» խանգարող էլ ո՞ր խնդրի լուծումը հանձնի «միջազգային խաղապահներին»։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։