Ըստ ամերիկյան CNN–ի՝ Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլան հայտարարել է, որ Աֆղանստանի իշխանությունների եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջեւ բանակցությունները դանդաղ են ընթանում եւ անարդյունավետ են:
Նա հավելել է, որ փոխարենը երկրի տարածքում հարձակողական գործողություններ անելու հարցում արմատական շարժման զինյալները չեն հապաղում: Միեւնույն ժամանակ Աբդուլլան նշել է երկխոսությունը շարունակելու անհրաժեշտության մասին եւ հույս հայտնել, որ «Թալիբանն» այն չի ընդհատի:
Աֆղանստանի Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահը բացառել է թալիբների կողմից իշխանության զավթման սպառնալիքը՝ չբացառելով, որ ծայրահեղական խմբավորումները ապագայում կարող են փորձել ամրապնդել իրենց դիրքերը երկրում:
Ըստ Աբդուլլայի՝ թալիբները չեն կատարել «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ բոլոր կապերը խզելու խոստումը: Նա դրանում վտանգ է տեսնում թե՛ Աֆղանստանի եւ թե՛ ամբողջ տարածաշրջանի համար:
Բարձրագույն խորհրդի նախագահը ժխտել է ԱՄՆ հետախուզության հայտարարությունը, ըստ որի՝ առաջիկա վեց ամսվա ընթացքում հնարավոր են Աֆղանստանի իշխանությունների տապալմանն ուղղված քայլեր: Միաժամանակ նա շեշտել է, որ նման նախազգուշացումներին լուրջ պետք է վերաբերվել:
Խոսելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին՝ Աբդուլլան ընդգծել է, որ եթե որոշումը թողնեին Աֆղանստանի իշխանությունների հայեցողությանը, այլ որոշում կընդունվեր: