ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել է, որ Թուրքիայի՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու որոշումը խոր հիասթափություն է պատճառել ԱՄՆ-ին:
«Կոնվենցիայից դուրս գալը հետընթաց է նաեւ կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելուն ուղղված միջազգային ջանքերի համար: Բոլոր պետություններին հորդորում ենք կանխել գենդերային բռնության բոլոր ձեւերը եւ դատապարտել դրանց գործադրումը»:
Հուլիսի 1-ին Թուրքիան պաշտոնապես դուրս եկավ ստամբուլյան՝ «Կանանց դեմ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայից»: Հազարավոր կանայք Թուրքիայի տարբեր վայրերում նախագահ Էրդողանի այդ որոշման դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպել: Ոստիկանությունը ուժ է կիրառել ցույցերին մասնակից բազմաթիվ կանանց նկատմամբ։