Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ այս տարվա առաջին հինգ ամսում բնական գազի արտահանման ծավալն աճել է 32 տոկոսով:
Ըստ այդ հայտարարության՝ 2021-ի առաջին հինգ ամսում արտահանվել է 7,4 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, ինչը 32 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Այս տարվա առաջին հինգ ամսում Ադրբեջանն իր ընդհանուր բնական գազից 4,2 միլիարդ խորանարդ մետր արտահանել է Թուրքիա, 2,1 միլիարդ խորանարդ մետր՝ Եվրոպա եւ 1,1 միլիարդ խորանարդ մետր՝ Վրաստան:
Միեւնույն ժամանակ, այս տարվա առաջին հինգ ամսում Ադրբեջանը 6,3 տոկոսով կրճատել է նավթի արտահանման ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եւ ընդհանուր առմամբ 11,8 միլիոն տոննա նավթ է արտահանել համաշխարհային շուկա։