ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը հայտարարել է, որ Չինաստանը մտահոգված է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով
«Մենք հետեւում ենք մամուլի հրապարակումներին։ Մեզանից կախված ամեն ինչ կարող ենք անել, որպեսզի խնդիրը լուծվի։ Սակայն այդ խնդիրը ծագել է երկու երկրի միջեւ, եւ մենք սրտի ցավով ենք սպասում գերիների վերադարձին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ֆան Յունը։
Դեսպանն ընդգծել է, որ իրենց գործունեության հիմնական նպատակներից մեկն էլ նմանատիպ գործողությունների կանխումն է։
Ֆան Յունը հույս է հայտնել, որ գերեվարման դեպքեր այլեւս չեն լինի։
Չինաստանի դեսպանն անդրադարձել է նաեւ Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների գտնվելու մասին հարցին՝ նշելով, որ այդ հարցն իրենց համար կարեւոր է, քանի որ Չինաստանը բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ։
«Չինաստանի ԱԳՆ-ն արդեն անդրադարձել է ադրբեջանական ԶՈւ զինծառայողների՝ Հայաստանի տարածքում գտնվելու հարցին։ Եվս մեկ անգամ շեշտեմ, որ մենք փորձում ենք երկու երկրի միջեւ բանակցային գործընթացի միջոցով հաստատել խաղաղ հարաբերություններ»,- ասել է Ֆան Յունը։
«Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը կարող է լուծվել բանակցությունների ճանապարհով։ Դա բնականաբար պատերազմից նախընտրելի ուղի է»,- ընդգծել է Ֆան Յունը։
Հայաստանում Չինաստանի դեսպանը մեկնաբանել է նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հաղորդումը, հայտարարելով, որ Ադրբեջանում Չինաստանի դեսպանը «Զանգեզուրի միջանցքի» մասին չի խոսել:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները եւ տելեգրամ ալիքները տեղեկացրել էին, թե իբր Ադրբեջանում Չինաստանի դեսպան Գո Մինը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կարող է ներդրումային քայլ լինել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» տրանսպորտային նախագծում։
ՀՀ-ում Չինաստանի դեսպանն ասել է, որ իրենք ադրբեջանական կողմի հետ չեն քննարկել են «միջանցքի» հարցը։ «Չինական կողմը նման կարծիք չի հայտնել»,- ընդգծել է Յունը։
Նա հիշեցրել է, որ երկու երկրներն էլ ընդգրկված են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ։
Ֆան Յունը շեշտել է, որ Պեկինը հնարավոր ջանքեր է գործադրում տարածաշրջանում կայունություն հաստատելու եւ երկու երկրների միջեւ խաղաղություն պահպանելու համար։