Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Լեւոն Ազիզյանի՝ ՀՀ հինգ խոշոր ջրամբարներում նախորդ տարվա համեմատ այս տարի 210 միլիոն, իսկ 2019-ի համեմատ մոտ 350 միլիոն խմ պակաս ջուր կա:
Ազիզյանը նշել է, որ մայիսի 3-րդ տասնօրյակից Հայաստանում արձանագրված անոմալ շոգերով եւ սակավ տեղումներով պայմանավորված՝ ձնհալքը տեղի է ունեցել աստիճանական, առանց էական հոսք առաջացնելու: Ձնհալքի արդյունքում ձեւավորված ջուրը ներծծվել է, եւ մակերեւույթային հոսքի ձեւավորում տեղի չի ունեցել։
«Հունիսին գետերի մեծ մասում միջին ամսական ելքերը նորմայի նկատմամբ 20-50 տոկոս ավելի պակաս են։ Օրինակ՝ Ազատ գետում ունեցանք նորմայի 20 տոկոսը, այսինքն՝ 5 անգամ պակաս ջուր, Հրազդանի ավազանում նորմայից 2.5 անգամ պակաս ջուր»,- նշել է Ազիզյանը։
Տնօրենի պաշտոնակատարը շեշտել է, որ ընդհանուր ջրամբարների ջրալցվածությունը նախորդ տարվա համեմատ բավական ցածր է։
«Արաքս-Ախուրյան ոռոգման համակարգի տակ գտնվող ջրամբարներում 180 միլիոն խմ պակաս ջուր կա, իսկ Սեւան-Հրազդան ոռոգման համակարգի տակ գտնվող ջրամբարներում` մոտ 30 միլիոն խմ»,- ընդգծել է Ազիզյանը։
Նախորդ տարի, կառավարության որոշմամբ, Սեւանի եւ հյուսիսային կառավարման ջրավազանային տարածքներում նույնպես հայտարարվել է սակավաջրություն։ Այդ առումով իրավիճակը բարդ է հատկապես Հրազդան, Քասախ, Ազատ, Ախուրյան գետերի ավազաններում։
Հայաստանի 5 խոշոր ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարված 2014-ից ի վեր։