ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բահրեյնի ԱԳՆ ղեկավար Աբդել Լատիֆ ազ-Զայանիի հետ ընդհանուր ասուլիսում հայտարարել է, որ Ռուսաստանը Պարսից ծոցում կոլեկտիվ անվտանգության նոր հայեցակարգ է մշակում:
Լավրովը շեշտել է, որ ՌԴ գործընկեր երկրները հետաքրքրություն են դրսեւորել Պարսից ծոցում կոլեկտիվ անվտանգության՝ ՌԴ-ի մշակած նոր հայեցակարգի նկատմամբ:
Ըստ նրա՝ վերջին ժամանակների իրադարձությունները նկատի ունենալով՝ Ռուսաստանն աշխատում է այդ հայեցակարգի առավել արդիականացված եւ թարմացված վարկածի մշակման ուղղությամբ:
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը խոստացել է, որ մոտ ապագայում Մոսկվան հայեցակարգը ամենայն մանրամասնությամբ կներկայացնի շահագրգիռ կողմերին: