Իսրայելական ԶԼՄ-ները հայտնել են, որ Իսրայելը ծրագրեր է նախապատրաստել Իրանի միջուկային օբյեկտների վրա հնարավոր լայնածավալ հարձակման համար, անկախ նրանից՝ ԱՄՆ-ը կմիանա՞ Իրանի միջուկային համաձայնագրին, թե՞ ոչ:
Իսրայելցի որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Իրանն այսօր առավել քան մոտ է ատոմային ռումբի ստեղծմանը: Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ գործընթացն արագացավ, երբ Թրամփը 2018-ին ԱՄՆ-ը դուրս բերեց միջուկային համաձայնագրից: Մինչ ԱՄՆ-ը փորձում է վերամիանալ Իրանի միջուկային համաձայնագրին, իսրայելցի վերլուծաբաններն ասում են, որ Իրանը մոտենում է միջուկային ռումբի ստեղծմանը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում Իսրայելի հեռացող նախագահ Ռեւին Ռիվլինին հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը Իրանին թույլ չի տա դառնալ միջուկային տերություն:
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը նոր կառավարության առաջին նիստում հայտարարել է, թե սա վերջին հնարավորությունն է, որ համաշխարհային տերությունները սթափվեն միջուկային համաձայնագրին վերադառնալուց առաջ եւ գիտակցեն՝ ում հետ են գործարքի մեջ մտնում: Նա Իրանի ղեկավարությանը անվանել է զանգվածային սպանություններ իրականացնող «մարդասպան»:
«Դաժան դահիճների ռեժիմին երբեք չպետք է թույլ տրվի ունենալ զանգվածային ոչնչացման զենք, որը հնարավորություն կտա նրանց ոչ թե հազարավոր, այլ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլելու»,- ասել է Իսրայելի վարչապետը՝ շեշտելով, որ Իսրայելը չի փոխելու դիրքորոշումը Իրանի հարցում:
Դեռեւս Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն էր հայտարարել, թե Իրանը ստում է, որ միջուկային զենք ձեռք բերելու մտադրություն չունի: Նեթանյահուն պնդել է, որ 2015-ին միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո էլ Թեհրանը գաղտնի միջուկային գործունեություն է իրականացրել, եւ 2017-ին իր միջուկային զենքի վերաբերյալ փաստաթղթերը տեղափոխել է խիստ գաղտնի վայր՝ Թեհրանի Շորաբադ թաղամաս, որտեղ պահվում էին Իրանի միջուկային արխիվները: Նեթանյահուն նշել է, որ Իսրայելին հաջողվել է գաղտնի գործունեության շնորհիվ ձեռք բերել այդ արխիվները: