Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ Ճապոնիայում անցկացվելիք ամառային 32-րդ օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի մարզիկների թիվը դարձել է 17:
Ջրային մարզաձեւերի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին պաշտոնապես տեղեկացրել է Տոկիոյի օլիմպիական խաղերում մեր երկրի երկու լողորդների՝ Արթուր Բարսեղյանի եւ Վարսենիկ Մանուչարյանի մասնակցության մասին:
Այսպիսով՝ ամառային օլիմպիական խաղերին կմասնակցեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը, Կարեն Ասլանյանը, Կարապետ Չալյանը, Արթուր Ալեքսանյանը, ազատ ոճայիններ Արսեն Հարությունյանը, Վազգեն Թեւանյանը, բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովը, Արման Դարչինյանը, ատլետ Լեւոն Աղասյանը, սպորտային մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը, ծանրորդներ Իզաբելա Յայլյանը, Սիմոն Մարտիրոսյանը, ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը եւ լողորդներ Արթուր Բարսեղյանն ու Վարսենիկ Մանուչարյանը:
Այս տարի շատ երկրպագուներ կզրկվեն Տոկիո մեկնելու հնարավորությունից: «Տոկիո-2020» կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն եւ Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն նշել են, որ կազմակերպիչները պատրաստ են Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերն առանց երկրպագուների անցկացնելու տարբերակին:
«Տոկիո-2020» կազմկոմիտեն նշել է նաեւ, որ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումների պատճառով երկարացվել է կես ժամով։ Դա պայմանավորված է նրանով, որ պատվիրակությունների միջեւ սոցիալական հեռավորություն պետք է պահպանվի, ուստի ստադիոնում թիմերի ավանդական երթը կձգվի:
Միջոցառումը պետք է սկսվեր տեղական ժամանակով 20:00-ին (Երեւանի ժամանակով 15:00-ին) եւ ավարտվեր 23:00-ին (Երեւանի ժամանակով 18։00-ին):
Տոկիոյի օլիմպիական խաղերը տեղի կունենան հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: