YouTube վիդեոպորտալը հեռացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունի ելույթի տեսանյութը՝ նշելով, որ այն ատելության խոսք է պարունակում:
Հայոց ցեղասպանության տարելիցի արարողություներին ի պատասխան՝ Էրդողանի աշխատակազմը Ստամբուլում «հայ ահաբեկիչների կողմից սպանված» դիվանագետների թեմայով ցուցահանդես էր բացել, որի ժամանակ Ալթունը հանդես էր եկել հակահայ ելույթով։
YouTube վիդեոհոսթինգի վարչակազմի այս որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում եւ խիստ վրդովեցրել Ալթունին:
Ալթունն, անդրադառնալով միջադեպին, Twitter-ում բողոքել է YouTube-ի դեմ՝ շեշտելով, որ տեսանյութի հեռացման որոշումը երեսպաշտություն է, եւ ընկերությունն առաջնորդվել է երկակի չափորոշիչներով:
Նա խոսել էր ԱՍԱԼԱ-ի գործունեությունից եւ հայերին բնութագրել որպես ահաբեկիչներ՝ նշելով, թե իսլամի եւ մահմեդականների դեմ ուղղված ատելության խոսքերն անտեսող YouTube-ը ճանապարհ է բացում ահաբեկչական կազմակերպությունների սեւ քարոզչության համար:
Ակնարկելով տեղական եւ ազգային մեդիահարթակների ձեւավորման անհրաժեշտության մասին՝ Ալթունը անուղղակի կերպով բոյկոտել է YouTube վիդեոպորտալը:
Հատկանշական է, որ սա YouTube-ից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ստահոդ տեսանյութերի հեռացման առաջին դեպքը չէ: YouTube-ը նախկինում էլ հեռացրել է թուրք պաշտոնյաների եւ քաղաքացիների՝ Հայոց ցեղասպանությանն առնչվող եւ հայերի դեմ ատելության խոսք պարունակող տեսանյութերը:
Ամենաթարմ օրինակներն են թուրք պաշտոնաթող ծովակալ Ջիհաթ Յայջըի եւ ազգայնական «Լավ» կուսակցության պատգամավոր Մահմութ Քոչաքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող եւ հակահայկական բնույթ ունեցող հայտարարությունները:
Յայջըն տեսանյութում հերքել էր Հայոց ցեղասպանության փաստը՝ պնդելով, թե հայերն են մուսուլմաններին սպանել, իսկ Քոչաքը քննադատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար:
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Twitter-ում «երկակի չափորոշիչների դեմ» բողոքող Ալթունի հակահայկական հռետորաբանությանը։
Կիսվելով Ալթունի հրապարակմամբ՝ Փայլանը գրել է․
«Քո ելույթում բազմիցս կրկնում ես «հայկական ահաբեկչություն», «հայ ահաբեկիչ» արտահայտությունները։ Իմ հայկական ինքնությունը անհիմն կապում ես ահաբեկչության հետ, եւ դա հենց ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ Է։ Ատելության խոսքը ծնում է ատելությամբ պայմանավորված հանցագործություններ։ Ներսում օգտագործում ես, բայց Էդիրնեից [մարզից] այն կողմ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ հանցանք է։ Պա՞րզ է»։