Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ վերջին շաբաթում Եվրոպայում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 10 տոկոսով։
Ըստ բրիտանական BBC գործակալության՝ ԱՀԿ-ն պատճառներից մեկը ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունն է համարել։ Թեեւ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում վարակվածության աճ առանձնապես չի գրանցվել, բայց կորոնավիրուսով վարակվածությունը չափազանց աճել է Մեծ Բրիտանիայում եւ Ռուսաստանում։
Վարակակիրների մեծ մասը Լոնդոն եւ Սանկտ Պետերբուրգ այցելած ֆուտբոլասեր երկրպագուներն են։ Պետերբուրգից վերադարձած յուրաքանչյուր հինգերորդ ֆինն երկրպագու վիրուսակիր է, իսկ Պետերբուրգը առաջինն է Ռուսաստանում կորոնավիրուսից մահացածների թվով։ Շոտլանդիայում 1 294 նոր հիվանդները Շոտլանդիա-Անգլիա խաղին հետեւելու համար Լոնդոն մեկնած ֆուտբոլասերներն են։
ԱՀԿ-ն ընդգծել է, որ վարակվածության աճն առհասարակ կապված է կորոնավիրուսի նոր շտամների տարածման, մարդկանց շփումների սահմանափակումները մեղմացնելու կամ չեղարկելու եւ պատվաստման ոչ բավարար տեմպերի հետ։