ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի հարավում Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է եւ չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրությանը:
«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, որը պետք է լուծվի, եւ կողմ ենք խաղաղ ճանապարհով լուծմանը»,- լրագրողներին ասել է կազմակերպության ղեկավարը:
Ըստ Ստանիսլավ Զասի՝ հակամարտության սրացում չկա: «Սկզբունքորեն, հիմա չպետք է ասել, որ իրավիճակն ինչ-որ կերպ սրվում է: Սա արդեն լավ է, արդեն արդյունք է: Առջեւում շատ աշխատանք կա սահմանների խնդրի լուծման ուղղությամբ, այդ բոլոր վիճահարույց հարցերը, բայց դրանք պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է նա:
Զասն ասել է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի մայիսյան դիմումից հետո պաշտպանության նախարարների, Անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակում խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Ես կապվել եմ ինչպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի, այնպես էլ պաշտպանության նախարարի հետ: Մենք քննարկել ենք այս իրավիճակը: Բացի դրանից՝ իրավիճակը քննարկել ենք Դուշանբեում անցկացված ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում»,- նշել է նա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ՀԱՊԿ-ը մշտադիտարկում է իրավիճակը Հայաստանի հարավում, թեեւ դիտորդական խումբ ստեղծելու որոշում չի ընդունվել: Նա հավելել է, որ կազմակերպությունն անհրաժեշտ տեղեկությունը ստանում է բազմաթիվ աղբյուրներից, նաեւ հայկական կողմից եւ ռուս խաղաղապահներից: