ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարել է, որ Ադրբեջանում հայ գերիների դատապարտումներն ամբողջովին անհիմն են, արհեստական գործընթացի արհեստական արդյունք: Արման Թաթոյանը շեշտել է, որ նրանց ազատազրկումները միջազգային իրավունքով արգելված պատիժ են:
ՄԻՊ-ն ընդգծել է, որ ադրբեջանական իշխանությունների կազմակերպած յուրաքանչյուր «դատավարություն» ուղեկցվում է ադրբեջանական լրատվամիջոցներում մարդու արժանապատվությունը, իրավունքները ոտնահարող հրապարակումներով, ինչը հատուկ է արվում ու կրում է կազմակերպված բնույթ։
«Ակնհայտ է, որ այս «դատավարությունները» արտաքին աշխարհի համար նախատեսված շղարշ են: Նրա համար են, որ Ադրբեջանում ունենան գերիներին ազատ չարձակելու «արդարացում», իսկ այդ ընթացքում հասցնեն որքան հնարավոր է շատ ռազմական-քաղաքական օգուտներ ստանալ»,- նշել է Արման Թաթոյանը` հավելելով, որ այս վիճակը կոպիտ խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, այդ թվում` Ժնեւի 1949 թվականի երրորդ կոնվենցիան:
Երեկ Բաքվում ավարտվեց 14 հայ ռազմագերիների դատավարությունը: Նրանցից 2-ը՝ Հրաչ Ավագյանը եւ Գեղամ Սերոբյանը, դատապարտվեցին 4 տարվա, 12-ը՝ 6 ամսվա ազատազրկման:
Ըստ էության, ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության նկատառումները եւս հաստատում են Հայաստանի ՄԻՊ-ի պնդումները: «Թուրան»-ը գրել է, որ նախ դատախազությունը անսպասելիորեն հանել է բոլոր ծանր մեղադրանքները եւ թողել միայն պետական սահմանի ապօրինի հատման մեղադրանքը՝ առանց պարզաբանելու մեղադրանքի մեղմացման պատճառները, այնուհետեւ դատարանն է «զարմացրել ընդունած վճռով»:
«Թուրան»-ը շեշտել է, որ հայ զինծառայողները կալանքի տակ են արդեն կես տարուց ավելի, հետեւաբար նրանցից 12-ին պետք է ազատ արձակեին հենց դատարանի դահլիճից: Լրատվամիջոցը նշել է, որ նրանց հավանաբար մոտ ապագայում կհանձնեն Հայաստանին: «Թուրան»-ը չի բացառել, որ տեղի կունենա ականապատման քարտեզների հերթական փոխանակումը գերիների հերթական խմբի հետ: