Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը (Caucasus Heritage Watch) անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական գերեզմանոցների պղծման փաստին:
«Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը հաստատում է Սղնախ գյուղի հայկական գերեզմանոցի ավերածության փաստը, որի մասին առաջինը զեկուցել էր Հուշարձանների պաշտպանության կազմակերպությունը: Այդ տարածքը ավերվել է ճանապարհային շինարարության նպատակով»,- նշել է CHW-ն:
Կազմակերպությունն ընդգծել է, որ հայկական գերեզմանոցը ստեղծվել է 18-րդ դարի կեսերին եւ օգտագործվել մինչեւ այն պահը, երբ հայերը 2020-ի աշնանը տեղի ունեցած պատերազմի պատճառով տարհանվել էին գյուղից:
Արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ ավերածությունները տեղի են ունեցել ապրիլի 12-ից մինչեւ հունիսի 18-ը:
Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել դադարեցնելու գերեզմանոցների ավերումը: