Թուրքիայի Ամասիա քաղաքում բնակվող 120-ամյա Շեքեր Ասլանը իր երկար կյանքի ընթացքում 3 փադիշահ ու 12 նախագահ է տեսել։
5 երեխայի ու 12 թոռան տեր Շեքերը նշել է, որ երբեք չի հիվանդանում։ «Նույնիսկ կորոնավիրուսն ինձ շրջանցեց։ Դուք հիվանդություններ ունեք, իսկ ես՝ ոչ»,- ասել է նա։ Եվ իրոք, ամբողջ աշխարհը ցնցած մահաբեր կորոնավիրուսի թեստը բացասական է եղել, թեեւ ընտանիքի մյուս անդամները վարակվել են այդ վիրուսով։
Շեքերի միակ հիվանդությունը ալցհայմերի հիվանդությունն է, որով տառապում է վերջին 7 տարին։ Նա միայն բնական սննդամթերքով է սնվում. կարագ, մածուն, թան, մեղր, խաշած ձու, երբեք դրսից գնված պատրաստի սնունդ չի կերել։
«Աթաթուրքին, Իսմեթ Ինոնյուին, Ադնան Մենդերեսին, Սուլեյման Դեմիրելին, Բյուլենթ Էջեւիթին, բոլորին ճանաչում եմ»,- հաճախ հպարտորեն կրկնում է երկարակյաց կինը։
Սեր ատելության փոխարեն
Ըստ Guinness World Records-ի՝ պուերտոռիկացի 112-ամյա Էմիլիո Ֆլորես Մարկեսն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ներկայում ապրող աշխարհի ամենատարեց տղամարդը:
Մարկեսը ծնվել է 1908-ի օգոստոսի 8-ին Պուերտո Ռիկոյի հյուսիս-արեւելքում։ Նա 10 երեխաների ավագն էր։ Աշխատել է եղեգի աճեցման ընտանեկան ֆերմայում:
«Քանի որ ես ամենամեծն էի, ոչ միայն աշխատում էի ֆերմայում, այլեւ հոգ էի տանում եղբայրներիս եւ քույրերիս մասին»,- պատմել է պուերտոռիկացին։
Ռեկորդակիրն ամուսնացած է եղել 75 տարի։ Նրա կինը` Անդրեա Պերեսը, մահացել է 2010-ին։ Նրանք 4 երեխա են լույս աշխարհ բերել, որոնցից երկուսը ողջ են եւ շարունակում են հոգ տանել հոր մասին։ Տղամարդը նաեւ 5 թոռ եւ 5 ծոռ ունի։
Պուերտոռիկացին ասում է՝ իր երկարակեցության գաղտնիքն այն է, որ ինքը միշտ ընտրել է սերը ատելության փոխարեն, ինչպես իրեն դաստիարակել է հայրը, նա սովորեցրել է սիրել բոլորին, բարիք գործել եւ ունեցածից բաժին հանել մյուսներին։
Ավելի վաղ աշխարհի ամենատարեց տղամարդն էր ճանաչվել ռումինացի Դումիտրու Կոմենեսկուն, որը մահացավ նախորդ տարվա հունիսին 112 տարեկանում։
Երկարակեցության համաշխարհային ռեկորդը ֆրանսուհի Ժաննա Կալմանինն է, որը մահացել է 1997 թվականի օգոստոսին 122 տարեկան 164 օրականում: